
ՎԵՐԻՆ ԼԱՐՍԻ ԲԱՑՈՒՄԸ ՎՐԱՍՏԱՆԻՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ
Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեն այսօր հայտարարել Է, որ Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ Վերին Լարս մաքսային անցակետի բացումը տնտեսապես ձեռնտու Է երկու կողմերի համար եւ ոչ մի սպառնալիք չի ներկայացնում:
Լրագրողների հետ զրուցելիս նախարարը նշել Է, որ ներկայում այդ հարցի շուրջ Ռուսաստանի հետ ուղղակի բանակցություններ չեն ընթանում, դրանք իրականացվում են Հայաստանի միջոցով:
«Վրացական կողմը խոսում Է Հայաստանի` որպես միջնորդի հետ, իսկ Հայաստանը բանակցություններ Է վարում Ռուսաստանի հետ: Վերին Լարսի բացումը տնտեսական տեսանկյունից շահավետ կլինի, եւ այստեղ ոչ մի սպառնալիք չկա»,-ասել Է Վաշաձեն: Նա նաեւ նշել Է, որ ներկա փուլում կողմից ոչ մեկը որեւիցե կոնկրետ նախապայման չի առաջարդում եւ որեւիցե պայմանագրի կնքում չի պատրաստվում:
«Մենք մեր հայ բարեկամների միջոցով պարզապես պարզում ենք, թե կողմերն ինչպես են պատկերացնում այդ անցակետի գործունեությունը»,-հավելել Է Վրաստանի արտաքին գործերի նախարարը: