ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲՈՒԽԱՐԵՍՏՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ
Բուխարեստի Առեւտրի համաշխարհային կենտրոնի ցուցասրահներում նոյեմբերի 20- 22-ը կայացած զբոսաշրջության ցուցահանդեսին Հայաստանի Հանրապետությունը ներկայացվել է առանձին տաղավարով: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, Ռումինիայում ՀՀ դսպանության, Ռումինիա-Հայաստան արեւտրա-արդյունաբերական պալատի եւ Ռումինիայի հայոց միության համագործակցությամբ հայկական տաղավարում ներկայացված են եղել Հայաստանի պատմամշակութային եւ ժամանակակից հուշարձանների մասին լուսանկարչական ցուցահանդես եւ հուշանվերներ, ցուցադրվում էին տեսաֆիլմեր: Այցելուներին մատուցվել են հատուկ այս առիթով տպագրված երկու բուկլետներ Հայաստանի վերաբերյալ, ինչպես նաեւ Ռումինիայում լույս տեսնող «Geostrategic pulse» պարբերականի Հայաստանի Հանրապետությանը նիրված 40 էջանոց հատուկ համարի ռումիներեն եւ անգլերեն վերատպված օրինակները:
Նոյեմբերի 19-ին կայացած ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը մասնակցել եւ ելույթ է ունեցել Ռումինիայում Հայաստանի դեսպան Եղիշե Սարգսյանը:
Հայաստանով հետաքրքրվող բազմաթիվ այցելուներ բացատրություններ են ստացել Ռումինիա-Հայաստան արեւտրա-արդյունաբերական պալատի մշտապես տաղավարում գտնվող ներկայացուցիչներից, այդ թվում հայկական համապատասխան զբոսաշրջային կազմակերպությունների հետ հնարավոր համագործակցության հարցերով: