
Գ. ՄԵԼԻՔՅԱՆ – 2010Թ.-ԻՆ ՍՆՆԿԱՑԱԾ ԲԱՆԿԵՐԻ ԹԻՎԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՃԻ
2010 թվականին սննկացած ռուսական բանկերի թիվն այս տարվա համեմատությամբ կարող է զգալիորեն աճել: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալ Գենադի Մելիքյանը, ով նշել է, որ կենտրոնական բանկը իրականացրել է վերլուծություն և եկել այն եզրակացության, որ հաջորդ տարի բանկային գործունեության լիցենզիայից կարող են զրկվել առավել շատ բանկեր` այս տարվա ընթացքում արդեն սննկացած 44 վարկային կազմակերպությունների համեմատությամբ:
Գենադի Մելիքյանի խոսքերով` ներկայիս համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում բանկերի թվաքանակի կրճատումներ սպասվում են բոլոր երկրներում, քանի որ ճգնաժամի առաջին փուլում բանկերն ունեցան իրացվելիության խնդիր, որը կարողացան հաղթահարել լրացուցիչ պահուստների ստեղծմամբ: Այժմ արդեն բանկային համակարգում նկատվում են լուրջ խնդիրներ կապիտալի հետ կապված, ինչը կարող է հանգեցնել բանկերի կողմից կենտրոնական բանկի սահմանած կապիտալի համարժեքության նորմատիվների խախտման, և մի շարք բանկեր կարող են զրկվել իրենց գործունեության լիցենզիայից: