2009-ԻՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ՔՆՆՎԵԼ Է ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆՈՒՅԹԻ 183 ԳՈՐԾ
2009 թվականին դատարաններում քննվել է կոռուպցիոն բնույթի 183 քրեական գործ` 240 անձի նկատմամբ: Այս ցուցանիշը 28 քրեական գործով եւ 58 անձով ավելի է 2008թ-ի համեմատ: ՀՀ դատախազության կոլեգիայի այսօրվա նիստում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը նշեց, որ դատապարտված անձանցից 136-ն ենթարկվել է ազատազրկման, 50-ը` տուգանքի, մյուսները` այլ պատիժների: Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով հանրապետությունում լսված բոլոր քրեական գործերով պետությանը պատճառվել է ընդհանուր առմամբ 5 մլրդ 320 մլն 582 հազար դրամի վնաս: Պետությանը պատճառված նյութական վնասից վերականգնվել է 1 մլրդ 351 մլն 690 հազար դրամը:
Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման եւ նախապատրաստված նյութերի թվի ավելացումը պայմանավորված է լատենտային բնույթի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ իրավապահ մարմինների համագործակցված ու օպերատիվ աշխատանքների ավելացմամբ: