ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՄԵՆՔ ՉԵՆՔ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԽՈՇՈՐ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԱՊԱՀՈՎԵԼ ՊԱՏՇԱՃ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ»
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստից առաջ նա դիմել է ներկաներին.
«Ապրիլի 1-ին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում ֆինանսների նախարարությունը հրապարակել է ցանկը այն 285 ձեռնարկությունների, որոնք պարտավոր են այս տարի հրապարակել իրենց ֆինանսական հաշվետվությունները արտաքին աուդիտորի եզրակացությամբ։ Իհարկե, այդ ցուցակը դեռեւս կճշգրտվի, որովհետեւ դրանք այն ձեռնարկություններն են, որոնք 2009թ. ունեցել են 1 մլրդ դրամից ավելի շրջանառություն։ Այժմ այդ հաշվարկները կատարվում են, եւ ցանկը կարող է փոփոխվել, բայց մենք առաջին անգամ պետք է հետեւենք, որ Հայաստանի խոշոր ձեռնարկությունները հրապարակային հաշվետվությամբ հանդես գան։ Մեզ քննադատում են, որ մենք չենք կարողանում խոշոր ձեռնարկությունների ոլորտում ապահովել պատշաճ վերահսկողություն, եւ ես այդ քննադատության հետ համաձայն եմ։ Եթե խոշոր ձեռնարկությունը հնարավորություն ունի խուսափել հարկային պարտավորությունների կատարումից, ապա դա մեծ չարիք է ցանկացած պետության համար։ Մեծ չարիք է, որովհետեւ դրանով խարխլվում են պետության հիմքերը, փոքր ու միջին բիզնեսին հնարավորություն չի տրվում զարգանալ։ Հանրապետության նախագահը մի քանի անգամ հստակ հանձնարարական է տվել ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություններին եւ կառավարության աշխատակազմին` էապես ավելացնել մեր վերլուծական կարողությունները, որպեսզի բացահայտվեն հարկման բազան եւ այն ոլորտները, որոնք դեռեւս խուսափում են հարկերի վճարումից։ Այս երկու տարվա ընթացքում մենք փորձ ենք կատարել հավաքագրել այնպիսի կադրեր, որոնք ի վիճակի են նման վերլուծական աշխատանք կատարելու, բայց, ցավոք, կատարված աշխատանքը դեռեւս մեզ չի բավարարում։ Մեկ ամսվա ընթացքում ֆինանսների նախարարությունը պարտավոր է հրապարակել իր վերլուծական աշխատանքի արդյունքը, մասնավորապես համեմատության մեջ ցույց տալով, թե խոշոր հարկ վճարողների ցուցանիշները ինչպիսին են եղել 2008 եւ 2009 թվականներին։ Մտավախություն կա, որ հիմնական հարկային բեռը ճգնաժամային տարվա ընթացքում ընկել է ոչ թե խոշոր, այլ փոքր եւ միջին բիզնեսի վրա, եւ մենք պարտավոր ենք փարատել այս բոլոր կասկածները։ Հաշվետվությունների հրապարակումը հանրությանը հնարավորություն է տալու վերահսկել մեզ, որովհետեւ դրանց հիման վրա հնարավոր է իրականացնել ինքնուրույն վերլուծական աշխատանք եւ տեսնել, թե արդյո՞ք այդ խոշոր ձեռնարկությունները կատարում են պետության նկատմամբ իրենց պարտավորությունները։ Մենք այս խնդրում լուրջ անելիք ունենք։ Ազգային Ժողովում է «Հարկերի մասին» եւ այլ օրենքներում փոփոխության մի նախագիծ, որը ենթադրում է, որ երրորդ անձանցից ստացված տեղեկությունը նույնպես անհրաժեշտ է մեզ, որպեսզի ճիշտ վերլուծություն կատարենք խոշոր ձեռնարկությունների գործունեության վերաբերյալ։ Ես կարծում եմ` ճիշտ կլինի, որ այդ օրենքի նախագիծը մենք համարենք անհետաձգելի, որպեսզի այն համահունչ լինի այս գարնանը հրապարակվող հաշվետվություններին եւ որպեսզի խոշոր ձեռնարկություններում տիրող իրավիճակի մասին վերլուծաբաններն ունենան օբյեկտիվ տեղեկություն։ Անուղղակի տեղեկությունը էլեկտրաէներգիայի սպառման ծավալն է, օգտագործված ջրի քանակը, կոմունալ վճարը, որոնք պետք է համադրվեն այդ ձեռնարկության համախառն արտադրանքի ծավալի ֆինանսական իրացման հետ։ Կարծում եմ, որ խոշոր ձեռնարկությունների դաշտում թափանցիկություն ապահովելու ամենահզոր գործիքը հրապարակայնությունն է, եւ մենք այդ ռազմավարությունն ենք իրականացնում։ Եթե սրան ավելացնենք մեր էթիկայի հանձնաժողովների ձեւավորման պարտավորությունը, որը հնարավորություն է տալու վերահսկողության տակ վերցնել պատգամավորներին եւ նախարարներին եւ թույլ չտալ, որ նրանք անմիջականորեն զբաղվեն բիզնեսով, կարծում եմ, մեր հասարակության մեջ վստահությունը խոշոր բիզնեսի նկատմամբ կավելանա, ինչի կարիքը մենք ունենք։ Ֆինանսների նախարարության կարողությունները այդ առումով պետք է ուժեղացվեն։ Ազգային անվտանգության ծառայությունից ինձ զեկուցել են, որ վերջերս նաեւ երիտասարդ մասնագետի ձերբակալություն է տեղի ունեցել ներքին աուդիտի վարչությունում։ Նա փորձ էր արել փող շորթել, ուստի չափազանց կարեւոր է, որ մաքրվեն կադրերը, մանավանդ ֆինանսների նախարարությունում։ Այդ դեպքը վստահություն է ներշնչում, որ վերահսկողությունը պետք է ուժեղանա, եւ այդպիսի մարդիկ չպետք է աշխատեն աուդիտի վարչությունում։ Համոզված եմ, որ ազգային անվտանգության ծառայության իրականացրած այդ գործողությունը դաս կլինի մնացածի համար, քանի որ ֆինանսների նախարարության ուժեղ վերահսկողությունը մեզ համար խիստ անհրաժեշտ է։ Մենք խստացնելու ենք մեր հսկողությունը խոշոր բիզնեսի նկատմամբ` դարձնելու այն թափանցիկ»։