Ֆինանսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 421.00+0.00
OIL:  BRENT - 84.76-1.17 WTI - 79.55-0.59
COMEX:  GOLD - 4030.50+0.07 SILVER - 57.11-2.39
COMEX:  PLATINUM - 1679.60+2.21
LME:  ALUMINIUM - 3169.50+0.96 COPPER - 13541.00+0.42
LME:  NICKEL - 16766.00+0.15 TIN - 52598.00-0.99
LME:  LEAD - 1868.50-1.48 ZINC - 3566.00-1.38
FOREX:  USD/JPY - 162.09-0.04 EUR/GBP - 1.1467+0.28
FOREX:  EUR/USD - 1.1467+0.28 GBP/USD - 1.3533+0.99
STOCKS RUS:  RTSI - 853.41-3.29
STOCKS US: DOW JONES - 52658.64+0.29 NASDAQ - 26269.23+0.62
STOCKS US: S&P 500 - 7572.40+0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66835.54-2.79 TOPIX - 4028.79-1.45
STOCKS CHINA:  HANG SENG - 25008.60+1.33 SSEC - 3882.41-1.85
STOCKS EUR:  FTSE100 - 10515.92-0.13 CAC40 - 8382.43+0.19
STOCKS EUR:  DAX - 24999.53-0.59
16/07/2026  CBA:  USD - 366.57-0.68 GBP - 494.98+2.94
16/07/2026  CBA:  EURO - 420.09+0.8
16/07/2026  CBA:  GOLD - 47875-246 SILVER - 682.97-0.44
Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան
18/09/2020 15:08
Կիսվել

Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան

Վարշավայի ֆոնդային բորսան (ՎՖԲ) Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի (ՀՀ ԿԲ) հետ ստորագրել է պայմանաթերթ` ՀՀ ԿԲ-ից Հայաստանի ֆոնդային բորսայի (ՀՖԲ) 65%-ը ձեռք բերելու շուրջ բանակցությունների վերաբերյալ:

ՎՖԲ-ի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի հնարավոր ձեռքբերումը պահանջում է, ի թիվս այլոց, անհրաժեշտ ուսումնասիրությունների իրականացում և համապատասխան կորպորատիվ հավանություններ։

Հայաստանի ֆոնդային բորսայի 100%-ի նախնական գնահատված արժեքը շուրջ 6 միլիոն լեհական զլոտի է (1․6 միլիոն ԱՄՆ դոլար)։

2020 թ․ սեպտեմբերի 18-ին Վարշավայի ֆոնդային բորսայի (ՎՖԲ) կառավարման խորհուրդը և ՀՀ կենտրոնական բանկը (ՀՀ ԿԲ) ստորագրեցին պայմանաթերթ` ՎՖԲ-ի կողմից Հայաստանի արժեթղթերի բորսայում 65% հսկիչ փաթեթ ձեռք բերելու շուրջ բանակցությունների վերաբերյալ: Համաձայնությունը պարտադիր բնույթ չի կրում: Ձեռքբերման վերջնական պայմանները, ի թիվս այլոց, կախված կլինեն անհրաժեշտ ուսումնասիրությունների իրականացման և համապատասխան կորպորատիվ հավանությունների արդյունքներից:

«ՎՖԲ-ի և ՀՀ կենտրոնական բանկի միջև հաստատված հարաբերությունները լավ լուր են երկու կողմերի համար: Հայաստանի տնտեսության շատ ճյուղերում որակյալ ներդրումների անհրաժեշտություն կա, այնպես որ երկիրը հսկայական աճի ներուժ ունի: Ներդրումները տնտեսական աճի խթան են, հատկապես զարգացող շուկաներում: Կարծում եմ՝ ՎՖԲ-ի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի ձեռքբերումը կնպաստի Հայաստանի կապիտալի շուկայի արագ աճին, իսկ Վարշավայի ֆոնդային բորսան կկարողանա գոհացուցիչ եկամտաբերություն ապահովել ներդրումից: Կարևոր է նաև այն հանգամանքը, որ Լեհաստանը նպաստում է զարգացող շուկաների կայացմանը, ինչը լավ ուղղություն է», – ասաց Լեհաստանի փոխվարչապետ և պետական ​​ակտիվների նախարար Յացեկ Սասինը:

ՎՖԲ-ի և ՀՀ ԿԲ-ի միջև ստորագրված պայմանաթերթը սահմանում է հետագա բանակցությունների շրջանակային պայմանները, որոնք ուղղված են հնարավոր ներդրումային համաձայնագիր կնքելուն: Հաջորդ քայլով ՎՖԲ-ն կկատարի համալիր ուսումնասիրություն, կմշակի Հայաստանի արժեթղթերի բորսայի զարգացման հնգամյա ծրագիր` ՀՀ ԿԲ-ի և Հայաստանի ֆոնդային բորսայի հետ համատեղ, և կսահմանի ներդրումային համաձայնագրի վերջնական պայմանները, որոնք կարող են տարբերվել շրջանակային պայմաններից:

«ՎՖԲ-ն կայուն և անշեղորեն աճող ընկերություն է Լեհաստանի կապիտալի շուկայի սրտում և Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ֆոնդային բորսայի արդյունաբերության առաջատարն է: Համոզված եմ, որ Վարշավայի ֆոնդային բորսայի վերջին 30 տարիների ընթացքում ձեռք բերված մեծ փորձն ու բանիմացությունը կնպաստի Հայաստանի ֆինանսական շուկայի հետ սերտ և բեղմնավոր հարաբերություններին», – նշեց Լեհաստանի Պետական ​​ակտիվների նախարարության վերլուծությունների և հշվետվությունների դեպարտամենտի ղեկավար, ՎՖԲ հսկիչ խորհրդի նախագահ Դոմինիկ Կաչմարսկին:

ՎՖԲ-ն պայմանաթերթի իրագործմանը նախորդող իր վերլուծությունների համար սահմանել է Հայաստանի արժեթղթերի բորսայի երկարաժամկետ զարգացմանն ուղղված մեկ տասնյակից ավելի հավանական ռազմավարական նախագծերի ցանկ: Զարգացման հիմնական ոլորտները ներառում են արդի տեխնոլոգիաների հենքով նորագույն լուծումների իրականացումը, հումք-ապրանքային առևտրի կազմակերպումը, աջակցություն ՎՖԲ և Հայաստանի ֆոնդային բորսայի թողարկողների կրկնակի ցուցակմանը և առևտրի ժամանակակից հարթակի տրամադրումը:

«Բազմաթիվ ոլորտներ ենք տեսնում, որտեղ կարելի է թափ հաղորդել Հայաստանի կապիտալի շուկայի զարգացմանը: Առաջնային ոլորտներ են թվայնացումը և գործընթացների ավտոմատացումը, որոնք այժմ զարգացած տնտեսություններում ֆոնդային բորսաների առանցքային հիմնասյուներն են: Հայաստանի ֆոնդային բորսայի հնարավոր ձեռքբերումը կօգնի մեզ ընդլայնել մեր ծառայությունները և ձեռնամուխ լինել #GPW2022 ռազմավարության իրականացմանը: Մյուս կողմից՝ սրանով ՎՖԲ Խմբի «նոու-հաուն» հասանելի կինի Հայաստանի արժեթղթերի բորսային», – մատնանշեց ՎՖԲ Կառավարման խորհրդի նախագահ Մարեկ Դիթլը:

ՀՖԲ-ի համախմբված եկամուտը 2019 թվականին կազմել է 6․4 մլն լեհական զլոտի (1․71 մլն ԱՄՆ դոլար), հասույթը նախքան տոկոսների, հարկերի, մաշվածության և ամորտիզացիոն գումարների վճարումը (EBITDA)` 2․0 մլն զլոտի (0․53 մլն ԱՄՆ դոլար) և զուտ շահույթը՝ 1.3 մլն զլոտի (0․35 մլն ԱՄՆ դոլար): 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ ՀՖԲ-ի ընդհանուր ակտիվները կազմել են 6.5 մլն զլոտի (1.73 միլիոն ԱՄՆ դոլար): ՀՖԲ-ի սեփական կապիտալի 100%-ի նախնական ոչ պարտադրական գնահատումը հավասար է ընկերության 2020 թ․ հունիսի 30-ի դրությամբ առկա հաշվեկշռային արժեքին, այսինքն` շուրջ 6 մլն զլոտի (1․6 միլիոն ԱՄՆ դոլար): ՎՖԲ-ի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայում բաժնեմասի հնարավոր ձեռքբերման գինը կհաստատվի պատշաճ ուսումնասիրություններն ավարտելուց հետո:

«Ուրախ ենք, որ համաձայնության ենք եկել ՎՖԲ-ի հետ մեր հետագա համագործակցության հիմնաշրջանակի շուրջ: Այս փոխշահավետ գործարքը երկարաժամկետ ռազմավարական նշանակություն ունի երկու կողմերի համար, և նաև ուրախ ենք փաստել, որ մենք ՎՖԲ-ին տեսնում ենք որպես գործընկեր, որը կիսում է կապիտալի շուկաների հետագա զարգացման մեր տեսլականը: ՎՖԲ-ի առաջնորդությունն այս ձեռնարկում հնարավորություն է տալիս իրենց փորձն ու «նոու-հաուն» բերել և Հայաստանի ֆոնդային բորսան դարձնել ամուր, նորարար և հարմար հարթակ՝ ներդրողների համար այն ծառայեցնելով որպես դարպաս դեպի նոր շուկաներ: Սա նաև կհանգեցնի տարածաշրջանային ընդլայնմանն ուղղված մեր փոխադարձ ձգտումների իրագործմանը», – ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

ՀՖԲ-ի հիմնական գործը ֆինանսական գործիքներով առևտրի կազմակերպումն է և Հայաստանում ֆինանսական գործիքներով գործարքների համար քլիրինգային տան և վճարահաշվարկային ընկերության գործունեության իրականացումը: Ընկերության գրասենյակը տեղակայված է Հայաստանի մայրաքաղաք Երևանում: ՀՀ կենտրոնական բանկը տնօրինում է Հայաստանի ֆոնդային բորսայի 90.1%-ը: Մնացած 9.9%-ը Հայաստանի ֆոնդային բորսայի ​​բաժնետոմսերն են: Գործարքից հետո ՀՀ ԿԲ-ն կպահպանի Հայաստանի ֆոնդային բորսայի 25% -ը, իսկ մնացած 10%-ը ձեռք կբերի երրորդ կողմը, որին նշանակելու է ՎՖԲ-ն:

Տեղեկանք՝ Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի ձեռքբերման վերաբերյալ

Կենտրոնական բանկը համաձայնության է եկել Վարշավայի ֆոնդային բորսայի (ՎՖԲ) հետ՝ Հայաստանի ֆոնդային բորսան (ՀՖԲ) ձեռքբերելու վերաբերյալ։

Ըստ ՀՀ ԿԲ-ի և ՎՖԲ-ի միջև ստորագրված մտադրությունների մասին հուշագրի, որը չունի պարտադիր իրավական ուժ և սահմանում է հետագա բանակցությունների հիմնական պայմանները, ՎՖԲ-ը նախատեսում է ձեռքբերել ՀՖԲ-ի բաժնետոմսերի հսկիչ փաթեթը։ Գործարքի վերջնական պայմանները կպարզվեն անհրաժեշտ ուսումնասիրությունները իրականացնելուց և կորպորատիվ հաստատումները ստանալուց հետո։

ՎՖԲ-ը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ամենամեծ և զարգացած շուկան է։ ՎՖԲ-ը կազմակերպում է առևտուր բաժնետոմսերով, պարտատոմսերով, ածանցյալ գործիքներով, ֆոնդերի բաժնետոմսերով, այլ գործիքներով։ ՀՀ կենտրոնական բանկը տեսնում է ՎՖԲ-ին որպես հուսալի գործընկեր, որն ունակ կլինի ապահովել կապիտալի շուկաների զարգացում և ընդլայնում:

ՎՖԲ-ն հանդիսանում է հրապարակային ընկերություն, և իր բաժնետոմսերը 2010 թվականից ցուցակված են հենց իր մոտ՝ շուրջ 300 մլն եվրո կապիտալիզացիայով։

ՎՖԲ-ի մուտքը լուրջ խթան կարող է հանդիսանալ Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման համար։ ՎՖԲ-ի փորձառությունը թույլ կտա իրականացնել մի շարք զարգացման ծրագրեր, այդ թվում՝ նորարարական տեխնոլոգիաների ներդրում, նոր առևտրային համակարգի ներդրում, հայկական և լեհական շուկաների հեշտացված փոխգործակցություն (փոխադարձ հասանելիության մեխանիզմներ), նոր գործիքներով առևտրի կազմակերպում և այլն։ Դրանց իրականացման համար կմշակվի առանձին Գործողությունների ծրագիր։

16/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.57
-0.68
Եվրո (EUR)
420.09
+0.8
Ռուբլի (RUR)
4.6643
-0.0352
Լարի (GEL)
139.3
-0.22
47875
-246
Արծաթ
682.97
-0.44