ԵԱՏՄ անդամ երկրների հետ ՀՀ ապրանքաշրջանառության ծավալը նախորդ տարվա համեմատ չի կրճատվել
Հայաստանի Հանրապետության արտաքին ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը 2020թ. ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է, սակայն չի կրճատվել ԵԱՏՄ անդամ երկրների հետ առևտրաշրջանառության ծավալը:
Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:
«Նախորդ տարվա ընթացքում ԵԱՏՄ անդամ պետությունների հետ մեր ապրանքաշրջանառությունն ընդհանուր մեր ապրանքաշրջանառության նկատմամբ ուներ առաջանցիկ աճ: Եթե 2019թ. ընթացքում ընդհանուր առմամբ մեր ապրանքաշրջանառությունն աճել էր 10,4%-ով, ապա ԵԱՏՄ անդամ պետությունների հետ աճել էր 15,1%-ով: Այս տարվա ընթացքում ԵԱՏՄ անդամ պետությունների հետ մեր 8 ամիսների վիճակագրությամբ` պատկերն ավելի բարվոք է: Եթե մենք այդ 8 ամիսների կտրվածքով ունեցել ենք ապրանքաշրջանառության 10,2%-ով կրճատում, ապա ԵԱՏՄ անդամ պետությունների հետ մենք չենք ունեցել կրճատում»,- ասաց Խաչատրյանը: