Ֆինանսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 75.17+1.02 WTI - 71.18+1.22
COMEX:  GOLD - 2718.20+1.10 SILVER - 31.41+1.36
COMEX:  PLATINUM - 971.00+0.03
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.74+0.27 EUR/GBP - 1.0417-0.53
FOREX:  EUR/USD - 1.0417-0.53 GBP/USD - 1.2531-0.40
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44296.51+0.97 NASDAQ - 19003.65+0.16
STOCKS US: S&P 500 - 5969.34+0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8262.08+1.38 CAC40 - 7255.01+0.58
STOCKS EUR:  DAX - 19322.59+0.92
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
ԲՅՈՒՋԵ 2011. ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
18/10/2010 20:04
Կիսվել

ԲՅՈՒՋԵ 2011. ՎԱՐՉԱՊԵՏԸ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ Է ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Ազգային Ժողովի հարգարժան նախագահ,
Հարգելի նախագահող
Հարգելի գործընկերներ,

Ես հակիրճ կներկայացնեմ ձեզ 2011թ. պետական բյուջեի նախագծի տրամաբանությունը և այն հիմնական սկզբունքները, որոնցով մենք ղեկավարվել ենք այդ նախագիծը կազմելիս։

Առաջին հերթին պետք է անդրադառնանք 2010 թ. ստեղծված իրավիճակին, այն ցուցանիշներին, որոնք այսօր ունենք և այն մակրոմիջավայրին, որով մենք պետք է ավարտենք 2010թ. բյուջեի կատարողականը։ Առաջին հերթին պետք է նշել, որ ամենայն հավանականությամբ մենք կգերակատարենք 2010թ. պետական բյուջեն։

Այս պահի դրությամբ արդեն ունենք եկամտային մասով 40 մլրդ դրամ գերակատարում, ինչը հույս է ներշնչում, որ մենք կկարողանանք եկամտային մասով գերակատարել պետական բյուջեի ցուցանիշը, և, բնականաբար, հարկային մուտքերը վկայում են այն մասին, որ մենք ունենք ավելի բարձր տնտեսական աճ, քան կանխատեսում էինք 2010թ. բյուջեն նախագծելիս։

Հիշում եք, որ մենք բյուջեի հիմքում դրել ենք 1,2 տոկոս համախառն ներքին արդյունքի աճ, բայց ամենայն հավանականությամբ այս ցուցանիշը կգերազանցենք երկու անգամ և տարին կփակենք համախառն ներքին արդյունքի ավելի բարձր արդյունքով։

Առաջին հերթին դա պայմանավորված է այն հանգամանքով, որ համաշխարհային տնտեսության իրավիճակը 2010թ. փոխվել է 2009թ. համեմատ։ Դա մեզ համար ստեղծել է ավելի բարենպաստ միջավայր` մեր տնտեսական ակտիվությունն ապահովելու առումով։ Դա արձանագրել ենք համաշխարհային շուկաներում հումքի գների բարձրացմամբ, հիմնականում այն հումքի, որն արտահանում ենք, և, բնականաբար, դա արդյունաբերության և արտահանող ճյուղերի համար ստեղծել է ավելի բարենպաստ պայմաններ։

Երկրորդը` համաշխարհային տնտեսական իրավիճակը բարվոք է առաջին հերթին Չինաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի և Ռուսաստանի տնտեսությունների կտրվածքով, որոնց տնտեսական աճը երկու անգամ գերազանցում է համաշխարհային տնտեսական աճի ցուցանիշը։ Այդ առումով մեզ համար կարևոր է Ռուսաստանի տնտեսությունում ստեղծված իրավիճակը, քանի որ նրա ազդեցությունը մեր ընդհանուր տնտեսական, սոցիալական վիճակի վրա էական է։ Այդ տեսակետից էլ մենք արձանագրում ենք դրական փոփոխություններ։ Արդյունքում` մասնավոր ներդրումները, որոնք գալիս են Ռուսաստանից, ծրագրվածից ավելի բարձր են, ինչպես նաև մասնավոր տրանսֆերտները, որոնք նախորդ տարվա համեմատ ավելի բարձր են, գրանցել են մոտավորապես 25 տոկոսանոց աճ, ինչը նույնպես իր դրական ազդեցությունն է թողել ընդհանուր տնտեսության վիճակի վրա։

Երրորդ կարևորագույն գործոնը հակաճգնաժամային լայնածավալ միջոցառումներն են, որոնք իրականացրեցինք 2009թ. ընթացքում` մեծածավալ ծախսեր, կապիտալ ներդրումներ, Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի միջոցներով իրականացվող շինարարական աշխատանքներ, ինչպես նաև պետական բյուջեի դեֆիցիտի կտրուկ ավելացումը, որի շնորհիվ պետական բյուջեն եղավ ընդլայնողական, և, բնականաբար, դա ավելի բարենպաստ պայմաններ ստեղծեց ընդհանուր տնտեսական և համախառն ներքին արդյունքի աճի համար, ինչը և մենք արձանագրում ենք 2010 թվականին։
Կարևոր է, որ հիմնական աճ ունենք արդյունաբերությունում` 11, 5 տոկոս աճ` ութ ամիսների կտրվածքով, էներգետիկայում` 17,1 տոկոս և ծառայություններում` 7,2 տոկոս աճ։ Կարևոր է, որ արտահանումն այս ամիսների ընթացքում աճել է 43,8 տոկոսով, իսկ ներմուծումը` 21,3 տոկոսով։ Ցուցանիշները կարող էին լինել ավելի բարվոք, եթե մենք չարձանագրեինք աննախադեպ անկում, որ ունեցել ենք գյուղատնտեսության ոլորտում։ Այն հասավ 18 տոկոսի, հետագայում սկսվեց փոքր վերականգնում, բայց ընդհանուր առմամբ կանխատեսում ենք, որ գյուղատնտեսությունում լինելու է անկումային տարի` հիմնականում պայմանավորված բնակլիմայական պայմաններով։ Այս հենքի վրա էլ կառուցել ենք մեր հիմնական կանխատեսումները 2011թ. մակրոցուցանիշների առումով. մենք ենթադրում ենք, որ գյուղատնտեսությունում կլինի վերականգնում այս բավական ցածր բազայի վրա, կունենանք աճ իրական հատվածում` արդյունաբերությունում, էներգետիկայում։ Ընդհանուր առմամբ այս ֆոնի վրա մենք կանխատեսում ենք 4,6 տոկոս համախառն ներքին արդյունքի աճ 2011 թ. համար։

2010-2011թթ. կարևորագույն մարտահրավերներից լինելու է բարձր գնաճը և բարձր գնաճի զսպումը, և դրան են ուղղված լինելու դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունը։ Այս տարի մենք եղել ենք զսպող այն առումով, որ հավաքագրել ենք ավելի շատ հարկային մուտքեր, և եկամուտները պետական բյուջեում եղել են ավելին, իսկ ծրագրված ծախսերն` ավելի քիչ։ Արդյունքում բյուջետային դեֆիցիտը ծրագրվածից ավելի ցածր է լինելու, ինչը գնաճի վրա դրական ազդեցություն է թողնելու։

Միևնույն ժամանակ այս մակրոտնտեսական քաղաքականությունը նպաստելու է նրան, որ երկարաժամկետ առումով մենք ստեղծում ենք ավելի բարվոք մակրոտնտեսական կայուն իրավիճակ, և արտաքին պարտքի տեսակարար կշիռը համախառն ներքին արդյունքում լինելու է ավելի ցածր, քան մենք կանխատեսում էինք, և մոտակա տարիների համար մենք ավելի փոքր դեֆիցիտ ենք պլանավորում։ Մասնավորապես, մյուս տարվա համար դեֆիցիտը չպետք է գերազանցի 4 տոկոսը։ Դա նշանակում է, որ այն մտահոգությունները, որ հնչում էին, որ արտաքին պարտքի բեռը կարող է լինել մեծ մեր բյուջեի հետ համեմատած, այդ կանխատեսումները նույնպես ավելի բարվոք վիճակում են լինելու, քանի որ մենք ավելի կոշտ քաղաքականություն ենք իրականացնելու, քան ծրագրված էր նախկինում պետական բյուջեի դեֆիցիտի նվազեցման առումով։ Առանձնահատկությունն այն է, որ մենք 2011 թ. բյուջեի նախագիծն արդեն իսկ կազմել ենք միջնաժամկետ ծախսային ծրագիրն ունենալով։ Հիշում եք, որ ճգնաժամի պատճառով մենք Ազգային Ժողովից ստացանք թույլտվություն, որ 2009թ. լինելու է օպերատիվ կառավարման տարի, և մենք շեղվելու ենք միջնաժամկետ ծախսային ծրագրից, իսկ 2011-ից սկսած արդեն` մեր կանխատեսումների հիմքում ընկած են երեք տարվա կանխատեսման ցուցանիշները։ Այդ ցուցանիշները մենք նաև կարողացել ենք համաձայնեցնել Արժույթի միջազգային հիմնադրամի հետ, Համաշխարհային բանկի հետ, մեր հիմնական դոնոր ընկերությունների հետ, որոնք նաև ապահովում են մեր պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորումը։ 2010թ. առանձնահատկությունն այն է, որ մենք մեծ ուշադրություն էինք դարձնում մեր տնտեսության կառուցվածքի դիվերսիֆիկացիայի վրա, և այս քաղաքականությունը, բնականաբար, իր դրական ազդեցությունը թողել է։

2011թ. հիմնական թիրախներն են լինելու.

Առաջինը` կայուն երկարաժամկետ մակրոտնտեսական կայունության ապահովումը, և պետական բյուջեն կազմվել է այդ տրամաբանությամբ։ Մենք ավելի կոշտ մակրոտնտեսական ցուցանիշներ ենք դրել բյուջեի հիմքում, ավելի ցածր բյուջեի դեֆիցիտ։ Բնականաբար, դա հնարավորություն է տալու մեզ կուտակել բավարար պահուստային միջոցներ անկանխատեսելի իրավիճակներում որոշակի զսպանակ ունենալու համար. դա մեր Կայունացման հիմնադրամն է, որը մենք ձևավորել ենք Կենտրոնական բանկում, դրանք նաև այն վարկային ռեսուրսներն են, որ մենք Կենտրոնական բանկի միջոցով տրամադրում ենք մասնավոր հատվածին` խթանելով տնտեսական աճը և դրանով իսկ խթանելով մակրոտնտեսական կայուն իրավիճակը։ Ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ մեր արտաքին պարտքի շուրջ 700 մլն դոլարը պարտք է, որը չի ծանրանալու պետական բյուջեի վրա։ Այդ պարտքն սպասարկելու են մասնավոր ձեռնարկությունները, որովհետև այդ միջոցները հայ-գերմանական հիմնադրամի և ուղղակի վարկավորման միջոցով տրամադրված են մասնավոր հատվածին, և մասնավոր հատվածն էլ արդեն իսկ սկսել է այդ պարտքի մարումը։ Մենք արդեն այն բյուջետային պարտքերը, որ տրամադրել էինք հանքահումքային արդյունաբերությանը պետական բյուջեով, ամբողջությամբ ստացել ենք, և այն վարկերը, որ տրամադրել ենք մասնավոր հատվածին բյուջետային միջոցներով, նույնպես ամբողջ ծավալով այսօր սպասարկվում է։ Սա նույնպես միջոցառում է, որն ապահովելու է մակրոտնտեսական կայունությունը։

Ընդհանուր առմամբ, եթե անդրադառնանք 2011 թ. մեր թիրախներին, երկրորդ թիրախը մակրոտնտեսական կայունությունից հետո լինելու է տնտեսության դիվերսիֆիկացիային ուղղված միջոցառումների իրականացումը։ Մենք առաջին անգամ ներկայացնելու են մեր ինդուստրիալ քաղաքականության տրամաբանությունը, որն ուղղված է լինելու արտահանման խթանմանը, և կոնկրետ ծրագրեր են իրականացվելու այս բնագավառում, որոնք իրենց մեջ պարունակում են արտահանման խրախուսման մեխանիզմներ։ Առաջին հերթին դա ուղղված է գյուղատնտեսության հումքի վերամշակմանը։ Տեղյակ եք, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ստեղծելու ենք ազատ տնտեսական գոտի, որի նպատակն է լինելու մեծածախ առևտրով զբաղվող համաշխարհային բրենդներ բերել օդանավակայան, և հենց տեղում իրականացնել գյուղմթերքների գնում, փաթեթավորում, լաբորատոր ստուգում, կազմակերպել սառնարանային տնտեսություն և գյուղմթերքների արտահանում օդանավակայանից։ Այս ծրագիրն արդեն փետրվար-մարտ ամսին կսկսի աշխատել, քանի որ մեր կոնցեսիոներն արդեն իսկ իր ներդրումները կատարել է սառնարանային տնտեսության ձևավորման գործում, և փետրվարին կլինի սառնարանային տնտեսության շահագործման սկիզբը, իսկ տարվա ընթացքում նաև ձեզ կներկայացնենք լոգիստիկ սխեմաները։

Երկրորդ ուղղությունը` գյուղատնտեսության ոլորտում համատեղ պետական-մասնավոր ձեռնարկությունների ձևավորումն է, որոնք հիմնականում զբաղվելու են արտահանումով։ Առաջին նախագիծը մենք սկսել ենք «Հայկական պանիր» ձեռնարկության ստեղծմամբ` բրենդի գրանցմամբ, լիցենզիաների ստացմամբ, ինչը հնարավորություն է տվել մեզ արդեն իսկ պանրի արտահանում իրականացնել Ռուսաստանի Դաշնություն, 2011-ից ենթադրվում է արտահանման ծավալների կտրուկ ավելացում։ Գիտեք, որ ձկնաբուծության մեջ նույնպես համալիր միջոցառումներ են իրականացվում, որոնք խթանելու են ձկան արտահանումը։ Այդ ծրագրի շրջանակներում արդեն ութսուն տոննա արտահանվել է, իսկ 2011թ. արտահանման ծավալները կկրկնապատկվեն կամ նույնիսկ կեռապատկվեն 2010թ. համեմատ։ Եվ նմանատիպ կոնկրետ պրոյեկտներ պետություն-մասնավոր համագործակցության շնորհիվ, որի նպատակն է լինելու էապես ավելացնել արտահանման ծավալները։

Երրորդ ուղղությունը տուրիզմի զարգացումն է, որը, մեր գնահատականներով, ունի մեծ ներուժ։ Գիտեք, որ Մքքենզիի հետ համատեղ մշակված է մի բիզնես ծրագիր, որը մենք հետևողականորեն իրականացնում ենք։ Այդ ծրագրի առաջին փուլը վերաբերվում էր Սյունիքի մարզին։ Այդ ծրագրի սկիզբը դրեցինք շաբաթ օրը` բացելով Տաթևի համալիրը, ինչպես նաև ճոպանուղին, որն ունի միջազգային մեծ գրավչություն։ Հաջորդ փուլը վերաբերելու է Ջերմուկին։ Մի նոր ծրագիր, որը նույնպես իրականացնում ենք Մքքենզիի հետ, վերաբերում է տուրիզմի զարգացմանը` կապված Սևանում նոր միջազգային տուրիստական սպորտային համալիրի կառուցման հետ։ Բիզնես ծրագիրն արդեն մշակվում է, և մեր գործընկերների գնահատականերով, նրանք կկարողանան լուրջ ներդրողներ հրավիրել, որպեսզի տուրիզմի բնագավառում այս տարածաշրջանը նույնպես թափով զարգանա։

Ընդհանուր առմամբ, եթե խոսենք երրորդ թիրախի մասին, դա բարեփոխումներին ավելի մեծ թափ հաղորդելն է։ Հարկային վարչարարության տեսակետից էլեկտրոնային համակարգի ներդրումը մեծ թափ է ստանալու 2011 թվականին։ Դրա համար ձեզ ներկայացնելու ենք և արդեն ներկայացրել ենք օրենսդրական նախաձեռնություններ, որոնք հնարավորություն են ստեղծում էլեկտրոնային եղանակներով ներկայացնել հաշվետվությունները` նպատակ ունենալով նվազագույնի հասցնել ֆիզիկական շփումները հարկ վճարողների և հարկահավաքների միջև։ Այդ ծրագիրը, որն արդեն 2010թ. դրված է շրջանառության մեջ, 2011թ. նաև օրենսդրական փոփոխությունների շնորհիվ մեծ թափ է ստանալու, և այդ առումով բարելավվելու է հարկային վարչարարությունը։

Բարեփոխումների առումով էական նշանակություն են ունենալու փոքր ու միջին բիզնեսին տրվող նոր հնարավորությունները, մասնավորապես հաստատագրված վճարումներից անցումը արտոնագրայինի` տարին մեկ անգամ վճարումների։ Այդ օրենսդրական նախաձեռնությունն արդեն է արժանացրել Ազգային Ժողովի հավանությանը, և հունվարի 1-ից այն լիարժեք կսկսի աշխատել, որը փոքր և միջին բիզնեսով զբաղվող 18 ոլորտներում կստեղծի փոքր և միջին բիզնեսի զարգացման բարենպաստ պայմաններ։ Բարեփոխումների ուղղություններից մեկը, որ ես թվեցի, նպատակ ունի խթանելու տնտեսության դիվերսիֆիկացիան։ Այդ առումով նոր թափ է ստանալու Զարգացման հայկական գործակալությունը, որն այս պահի դրությամբ ունի 23 մշակված ծրագրեր, որոնք կունենան միջազգային բովանդակություն։ Այդ ծրագրերը կոնկրետ ներդրումային ծրագրեր են` սկսած բազալտի վերամշակումից, որը ներկայացրել ենք մեր չինական գործընկերներին, և նրանք հետաքրքրություն ունեն այդ բիզնես ծրագրի նկատմամբ ավարտած այն ծրագրով, որ իրականացնելու ենք ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության հետ` այրվող թերթաքարի բազայի հիման վրա ձեռնարկության ստեղծում. մենք ստանալու են դրամաշնորհային միջոցներ, ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունից, որն ուղղվելու է բիզնես ծրագրի մշակմանը։ Եվ նմանատիպ ևս 20 ծրագրեր, որոնք արդյունաբերությունում ստեղծելու են կոնկրետ ծրագրեր։
Սրանք են 2011թ. մեր հիմնական թիրախները ։ Մեր բյուջետային կանխատեսումները, ելնելով այս ռազմավարությունից, ենթադրում են, որ պետական բյուջեի ընդհանուր եկամուտները կլինեն 850 մլրդ դրամի շրջանակներում։ Դա բավական լուրջ թիրախ է մեզ համար։ Ծախսային մասը կկազմի 998 մլրդ դրամ, բյուջետային դեֆիցիտը, ինչպես ես նշեցի, չի գերազանցի ՀՆԱ-ի 4 տոկոսը։
Մեր գնահատականներով, բավական լարված բյուջե է եկամտային մասի ապահովման տեսակետից, բայց այն ռեզերվները, որ մենք ձևավորում ենք, լավատեսություն է ներշնչում այն առումով, որ կկարողանանք ամբողջությամբ կառավարել ռիսկերը, որոնք կարող են բացահայտվել 2011թ., եթե հանկարծ մակրոմիջավայրը լավը չլինի կամ, եթե համախառն ներքին արդյունքի աճը, որ կանխատեսում ենք (4.6 տոկոս), չկայանա։

Այնուամենայնիվ, 2011թ. սկզբին Կենտրոնական բանկում մեր միասնական հաշվի վրա կունենանք կուտակված բավարար ռեզերվներ, և բյուջեի կատարողականը 2011թ. այդ առումով ռիսկային չի լինի։ Այսինքն` այն ռիսկերը, որոնք դրված են այս նախագծի հիմքում, մեզ թույլ են տալիս գնահատել, որ դրանք կլինեն կառավարելի և կունենանք բավարար պաշարներ, որպեսզի մեր ծախսերն ամբողջությամբ կատարենք։ Բնականաբար, առաջին հերթին մեծ ուշադրություն ենք դարձնելու, որպեսզի մեր բանակի պաշտպանունակությունը բարձր մակարդակի վրա լինի։ Եթե ունենանք գերակատարումներ եկամտային մասով, բնականաբար, առաջին հերթին թիրախավորելու ենք բանակի անհրաժեշտ բոլոր ծախսերի կատարմանը` նույնիսկ կփորձենք նաև գերակատարել մեր ծրագրային մոտեցումները։

Երկրորդ կարևորագույն թիրախն այն է, որ բոլոր սոցիալական պարտավորությունները կատարվելու են, և այս տեսակետից բյուջեն կարելի է անվանել հստակ սոցիալական ուղղվածություն ունեցող բյուջե, որովհետև ավելացնելու ենք սոցիալական ծախսերը` հասցնելով աննախադեպ ծավալների։ Դա վերաբերում է և՛ սոցիալական նպաստներին, և՛ կենսաթոշակներին, և՛ առողջապահության ու կրթության ոլորտներին, որտեղ ներդնելու ենք մեծածավալ գումարներ։ Կարևոր նշանակություն են ունենալու բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրները։ Դրանք հիմնականում դոնոր կազմակերպություններն են` Համաշխարհային բանկը և Ասիական զարգացման բանկը։ Գումարներն ուղղվելու են ենթակառուցվածքներին, կապիտալ ծախսերին, դպրոցաշինության, ճանապարհաների շինարարության ոլորտներ։ Այդ տեսակետից այնպիսի ծրագրեր են, որոնք խթանելու են համախառն ներքին արդյունքի աճը։ Մենք շարունակելու ենք աղետի գոտու վերականգնման աշխատանքները` հասցնելով դրանք իրենց տրամաբանական ավարտին։ Շուրջ 17 մլրդ դրամ էլ ուղղվելու է աղետի գոտու վերականգնման աշխատանքներին, այսինքն` հանրապետության նախագահի նախընտրական խոստումն` աղետի գոտու 7000 անօթևան ընտանիքներին բնակարաններով ապահովելու ծրագիրը, շարունակելու է ստանալ իր ֆինանսական միջոցները, և այն նույնպես ամբողջությամբ իրականացնելու ենք։

Իմ գործընկերներն ավելի մանրակրկիտ կներկայացնեն ձեզ ծախսերն ըստ ուղղությունների և ոլորտների ու կպատասխանեն ձեր հարցերին, բայց, կարծում եմ, ձեզ համար հասկանալի են դառնում բյուջեի ընդհանուր տրամաբանությունն այս մակրոտնտեսական ցուցանիշներով և այն թիրախները, որոնք մեր առջև դնում ենք 2011թ. համար` հիմնվելով այս բյուջեի և այն ֆինանսական միջոցների վրա, որոնք ստանալու ենք նաև մեր դոնոր կազմակերպություններից և դրամաշնորհներից։ Մասնավորապես մեծածավալ աշխատանքներ են սպասվում «Հազարամյակի մարտահրավեր»- հիմնադրամ Հայաստան» ծրագրի շրջանակում։

Մինչև 2011թ. սեպտեմբերը պետք է իրականացնենք շուրջ 90 մլն դոլարի շինարարական աշխատանքներ, որպեսզի մեզ տրամադրվող դրամաշնորհային միջոցներն ամբողջ ծավալով իրականացնենք։ Դա հիմնականում ոռոգման համակարգն է, գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերն են, վարկային միջոցներն են, «Ջրից դեպի շուկա» հայտնի ծրագիրն է, որն իր դրական արդյունքն է թողնելու նաև գյուղատնտեսությունում ցուցանիշների վերականգնման առումով, քանի որ այս անկումը, որ ունեցել ենք 2010թ., 2011թ. մեր գնահատականներով կհաջողվի հաղթահարել։

Մենք ծրագրում ենք, որ 2011թ. գյուղատնտեսության ոլորտում առնվազն 11 տոկոսանոց աճ ունենանք։ Ռիսկային տարրերից պետք է նշել գնաճային ցուցանիշները. այս տարի դեֆլյատորը բավական բարձր է, և 2011թ. այն նույնպես պետք է լինի բարձր։ Վերջին երկու ամիսների արդյունքները վկայում են այն մասին, որ մեզ կհաջողվի 2011թ. թիրախային ցուցանիշը ապահովել, այն է` 4 տոկոս, 1.5 տոկոսանոց միջակայքում։ Կարծում եմ` եթե հաջողվի, զսպելով գնաճը, պահպանել այս միտումները նաև նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, կհաջողվի իրատեսական դարձնել նաև 2011թ. գնաճային ցուցանիշը, որը կարևորագույն մարտահրավերներից մեկն է մեզ համար, որպեսզի կարողանանք ապահովել ոչ միայն մակրոտնտեսական կայունություն, այլ նաև սոցիալական բնագավառում ունենանք ավելի բարենպաստ միջավայր։

Շնորհակալություն ուշադրության համար։

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75