Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը հայտարարում է «Հավատարմություն դրոշին» խորագրով մրցույթ
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, ՀՀ սահմանադրության և պետական խորհրդանիշների օրվա կապակցությամբ, հայտարարում է Դրոշին հավատարմության խոստման մրցույթ, որի նպատակն է, հատկապես պատանիների ու երիտասարդների շրջանում, պետականության խորհրդանիշների կարևորությանը հնչեղություն հաղորդելը։
Մրցույթի մրցանակային ֆոնդն է 1․000․000 ՀՀ դրամ (ներառյալ՝ բոլոր հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները), որը կբաշխվի չափածո և արձակ անվանակարգերում լավագույն տարբերակներ առաջարկած հեղինակների միջև: Յուրաքանչյուր անվանակարգում հաղթող է ճանաչվելու թեմային առնչվող լավագույն ու ազդեցիկ բովանդակությամբ տարբերակը։
Մրցույթին կարող են մասնակցել ցանկացած տարիքի և մասնագիտության անձինք։ Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել առավելագույնը 3 տարբերակ: Ներկայացվող տեքստը պետք է լինի հայերեն, պարունակի առավելագույնը 500 նիշ (առանց բացատների), լինի հեղինակային և չպարունակի առկա գրականության (այլ հեղինակների ստեղծագործությունների) ակնհայտ կրկնվող տարրեր։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է 2021թ-ի օգոստոսի 25-ը, ժամը 23։59 (Երևանի ժամանակով) ներառյալ։
Մրցույթի մանրամասներն ու մասնակցության հայտաձևը հասանելի են այստեղ՝ https://www.eif.am/arm/news/flag/:
«Որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության դրսևորում, ՁԻՀ-ը մեծ նշանակություն է տալիս նաև նման նախաձեռնությունների իրականացմանը, որոնք ուղղված են ինքնիշխանության, պետականաշինության ու պետական խորհրդանիշների հանդեպ մեծարման մշակույթի ձևավորմանն ու ամրապնդմանը։ Խիստ կարեւորում ենք ապագայի տեխնոլոգիական հմտություններ ու գիտելիքներ ստացող երիտասարդների մոտ հայրենիքի շենացման ու առաջընթացի ապահովման գործին մասնակցության պարտավորվածության ու նվիրումի կայուն զգացողության ձեւավորումը»,- նշում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: