Բիզնես

USD BUY - 388.00+0.00 USD SELL - 391.00+1.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 72.97-0.40 WTI - 68.91-0.85
COMEX:  GOLD - 2659.40+0.69 SILVER - 31.22-0.13
COMEX:  PLATINUM - 970.50-0.90
LME:  ALUMINIUM - 2644.00-0.02 COPPER - 9089.50+0.02
LME:  NICKEL - 15906.00+0.25 TIN - 29026.00+0.51
LME:  LEAD - 2021.00+1.00 ZINC - 2987.50+1.24
FOREX:  USD/JPY - 155-0.04 EUR/GBP - 1.0551-0.36
FOREX:  EUR/USD - 1.0551-0.36 GBP/USD - 1.2654-0.19
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43408.47+0.32 NASDAQ - 18966.14-0.11
STOCKS US: S&P 500 - 5917.11+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 38026.17-0.85 TOPIX - 2682.81-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 19601.11-0.53 SSEC - 3370.40+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 8085.07-0.17 CAC40 - 7198.45-0.43
STOCKS EUR:  DAX - 19004.78-0.29
21/11/2024  CBA:  USD - 389.45+0.26 GBP - 491.95-0.73
21/11/2024  CBA:  EURO - 409.74-0.78
21/11/2024  CBA:  GOLD - 33062.61+239.17 SILVER - 386.53-4.93
Շուշիի «Պարիսպ»-ը, պատերազմն ու Ստեփանակերտի «Բաժակ»-ը. Բիզնես, կյանք ու կռիվ Արցախում
07/07/2021 16:30
Կիսվել

Շուշիի «Պարիսպ»-ը, պատերազմն ու Ստեփանակերտի «Բաժակ»-ը. Բիզնես, կյանք ու կռիվ Արցախում

Շուշիի «Պարիսպ» Գաստրո բակում եթե եղած չլինեք, ապա դրա մասին հաստատ երբևէ լսել եք։ Գաստրո-բակը բացվել էր 2019-ին։ Հիմնադիրը՝ Հայկը պատմում է, որ հաջողված բիզնես-նախաձեռնություն էր, որն ապրեց ընդամենը 1,5 տարի։
2020-ի պատերազմի սկսվելուն պես Հայկը շտապել է պաշտպանելու հայրենիքը։ Հայկի համար պատերազմն «ավարտվել» է հոկտեմբերի 26-ին, երբ մարտի դաշտում կորցրել է ոտքը։ Ոչ ոտքի համար է ցավում, ոչ բիզնեսի, միայն մտածում է՝ հայրենիք կորցրինք ու հազարավոր արժանավոր տղերք։
Հիմա Հայկը նոր բիզնես է հիմնել՝ սրճարան Ստեփանակերտում։ Պոպուլիստական ու չհիմնավորված ակնկալիքներ չունի, թե Շուշին վերադարձնելու ենք, բայց ասում է՝ եթե չենք մեռել, ուրեմն պիտի ապրենք։
Բիզնեսի, պատերազմի ու հետպատերազմական Արցախում ապրելու մասին զրուցել ենք Ստեփանակերտի Վազգեն Սարգսյան 18/38 հասցեում գտնվող «Բաժակ» գինետան հիմնադիր Հայկ Ավանեսյանի հետ։

– Հայկ, ձեր «Պարիսպ» Գաստրո բակը Շուշիի ամենամարդաշատ ու տաքուկ վայրերից էր։ Ո՞րն էր հաջողելու հիմքը։

– Ես «Պարիսպ»-ը չեմ համարել բիզնես. ինձ համար սա մեծ հետաքրքրություն է։ Ի սկզբանե չեմ էլ մտածել փող աշխատելու մասին, պարզապես ինձ դուր է գալիս այս գործը։ Հետո հասկացա, որ բավականին հաջող բիզնես է ստացվել։ Փորձում էի ընդլայնել այն, նոր բաներ անել։ Երբ պատերազմը սկսվեց, մեզ մոտ շինարարական աշխատանքներ էին ընթանում. ձմեռային տաղավարներ էինք կառուցում, ձմեռվա համար առավել հարմար ու հետաքրքիր միջավայր էինք ուզում ստեղծել, բայց պատերազմով ամեն ինչ ընդհատվեց։

Շուշիի «Պարիսպ»-ը, պատերազմն ու Ստեփանակերտի «Բաժակ»-ը. Բիզնես, կյանք ու կռիվ Արցախում

– Հայկ, ինքներդ պատերազմի մասնակից էիք։ Ինչ զգացողություններ ունեիք, ինչ էիք մտածում այդ օրերին։

– Բիզնեսի մասին չեմ էլ մտածել։

– Դե, հասկանալի է. հայրենիքն էր վտանգի առաջ, բիզնեսը բնականաբար երկրորդվելու էր։

(Խմբ.-Երկար լռում է) Ես չեմ ուզում խոսել պատերազմի մասին։ Երևի ամեն գիտակից մարդ հասկանում է՝ ինչ է պատերազմը, ինչ ապրումներ է հնարավոր ունենալ այդ ժամանակ։ Երևի ամեն նորմալ մարդ հասկանում է՝ հայրենիք կորցնելն ինչ է։ Ընդ որում՝ ես ավելի շատ ունեցա այդ ապրումները՝ հայրենիք կորցնել, վիրավորվել (Խմբ.-Հայկը պատերազմում կորցրել է ձախ ոտքը։ Հիմա պրոթեզավորված է)։

– Մենք այդ ապրումների մասին չենք խոսի…

– Տի պեն չիկա (Խմբ.-Այդպիսի բան չկա)։ Ես չեմ նեղվում ընդհանրապես։ Եթե նեղվեի, չէի կարողանա նորից սկսել մտածել, ստեղծել, անել։

– Համակերպվե՞լ եք այս կորուստների հետ։

– Հայրինքը կորցնե՞լը նկատի ունեք։ Ոչ, անհնար է։ Ով համակերպվել է, ուրեմն անտարբեր է։ Ո՞նց կարելի է համակերպվել։ Ես չեմ կարող համակերպվել…բայց նաև չեմ կարող կանգնեցնել իմ կյանքը։ Կամ չենք համակերպվում հոգեպես, բայց շարունակում ենք ապրել, ստեղծել, ուժեղանալ, կամ չենք համակերպվում, ընկճվում ենք, կոտրվում ենք։ Դա արդեն ընդհանրապես վերջն է։

– Ինչպե՞ս ստեղծվեց «Բաժակ»-ը։

– «Բաժակ»-ը ստեղծվեց մեկ օրում։ Որոշեցի ու բացեցի։ Գտնվելու վայրն էլ, անունն էլ որոշվել է մեկ օրում։

– Իսկ ինչո՞ւ «Բաժակ»։

– Իսկ ինչո՞ւ ոչ «Բաժակ»։ Սիրուն անուն է։ Քանի որ մեզ մոտ շեշտը դրված է գինու վրա, իսկ գինին խմում են բաժակով։ Համ էլ մեր գինու բաժակները շատ լավն են (Խմբ.-ծիծաղում է)։ Ըհըն, ուրեմն հենց «Բաժակ»։

Շուշիի «Պարիսպ»-ը, պատերազմն ու Ստեփանակերտի «Բաժակ»-ը. Բիզնես, կյանք ու կռիվ Արցախում

– Մի քանի անգամ փորձեցի գալ «Բաժակ», բայց տեղ չկար։ Կյանքը շարունակվում է Ստեփանակերտում։

– Մարդիկ զոմբիացած ապրում են։ Արդեն պատերազմից առաջ ու պատերազմից հետո կյանքը այնքան էլ շատ չի տարբերվում։ Եթե մնաս Ստեփանակերտում ու Ստեփանակերտից դուրս չգաս, կմոռանաս՝ 6-7 ամիս առաջ պատերազմ էր, ռմբակոծված էր նաև Ստեփանակերտը, կմոռանաս, որ Շուշին մերը չի։ Մարդն առհասարակ ամեն ինչին հարմարվում է, ժամանակ է պետք երևի։ Ի վերջո, հիմա ամեն ինչ ու բոլորը վաճառվում են։ Մարդիկ զոմբիացած ապրում են՝ ոչ մեկից ոչինչ չպահանջելով։ Բայց իրավունք ունեն պահանջելու։ Ուղղակի մեր գյուղապետը (Խմբ.-նկատի ունի Արցախի նախագահին) ճիշտ է կազմակերպել ամեն ինչ, որ ժողովուրդը հանգստանա, լռի, չխոսի։ Դրա համար լավագույն միջոցը փողն է։ Յուրաքանչյուրին ամսական 68 հազար դրամ փող են տալիս։ Օրինակ, ընտանիքում 5 հոգի են, առաջ ապրել են Հադրութում, ընտանիքի ամսական բյուջեն կազմել է 200 հազար դրամ, հիմա ապրում են Ստեփանակերտում, ամսական բյուջեն ավելի շատ է ստացվում։ Հիմա եթե Հադրութը տան, ասեն՝ գնացեք, ինձ թվում է՝ էդ մարդիկ չեն ուզի գնալ, քանի որ երբևիցե այդքան փող չեն ստացել, այն դեպքում, երբ չեն էլ աշխատում։

– Այսինքն, այս ամենի արդյունքում հայրենիքի գիտակցումն ու հայրենիքի նկատմամբ զգացմունքնե՞րն են կորչում։

– Մարդուն ի՞նչ է պետք. փող։ Մինչև պատերազմն էլ հասկանում էի, որ սխալ քաղաքականություն է վարվում, որ շատ բաներ սխալ են արդեն։

– Որ այդ գիտակցումը կար մինչև պատերազմը, հետաքրքիր է՝ ընթացքում ու այս իրավիճակում ինչ էիք մտածում։

– Մտածում էի, որ պատերազմից հետո պետք է գնդակահարել քաղաքական գործիչներիրն ու գեներալներին։ Մարդիկ ոչխարի հոտ չեն։ Մարդիկ մտածում են, զգում են. մարդ են, ի վերջո։ Բայց որոշ դեպքերում մարդկանց խումբն ու ոչխաների հոտը նման են իրար. երկու դեպքում էլ ուղղորդել է պետք ու առաջնորդել։ Եթե հոտը չունենա չոբան, կցրվի։ Նույնն էլ պատերազմի ժամանակ է. մարդկանց չղեկավարեցին, չուղղորդեցին։ Այնպես արեցին, որ մարդկանց մոտ հուսահատություն ու տագնապի զգացում առաջանա։

– Ունեի՞նք հաղթելու հնարավորություն։

– Հաղթելու՝ չէ, բայց այս սցենարից խուսափելու շատ հնարավորություններ ունեինք։ Ունեինք հնարավորություն պահել Հադրութը։ Դժվար կլիներ պահել Ջրականը, Մատաղիսը։ Այնտեղ շատ դաժան մարտեր էին ընթանում, բայց մնացածը կարող էինք պահել։ Չպահեցինք անգրագիտության, անկազմակերպության, տագնապի ու հուսահատության պատճառով։ 100-ի մեջ 1 հոգին էլ կարողանում է հուսահատություն մտցնել, թե սցենարն արդեն որոշված է, ելքը վճռված է։ Իհարկե, պարզվեց՝ այդպես էր։ Հոկտեմբերի 27-ին նշմարելի էր արդեն զարգացումը, որ Շուշին հանձնվում է, պատերազմը՝ կանգնեցվում։

– Իսկ ի՞նչ է լինելու հետո։

– Հետո-ի մասին դժվար է խոսել, կանխատեսում անել։ Մենք այլևս ապրում ենք այսօրվա օրով։ Հետո-ի մասին մտածելն այստեղ դժվար է։ Բայց ոչինչ չանել էլ չենք կարող։ Պետք է փորձենք ոտքի կանգնել։

– Ինչի՞ մասին եք երազում պատերազմից հետո։

– Էլ չեմ երազում։ Բայց ունեմ նպատակ ապրել այստեղ։ Հա, ուզում եմ այստեղ ապրել։ Երևի շատերն են ուզում, բայց շատերն էլ ուզում են գնալ։

– Հավատո՞ւմ եք, որ վերադարձնելու ենք Շուշին։

– Ոչ, սա ամենաքիչն էր, ինչին մենք արժանի էինք։ Մենք աննորմալ, ցինիկ ու չհամախմբող ազգ ենք։ Երբ 100 հոգու մեջ մեկն ասում է՝ եկեք գնանք այս ուղղությամբ, բոլորը կոմենտատորներ են դառնում, ամեն մեկն իրենն է պնդում։ Ամեն մեկն իր մասին է մտածում՝ տուն ունենա, գրպանում փող ունենա, լավ գործ ունենա, լավ լինի…

– Այդքան հիասթափվա՞ծ եք։

– Ես ուզում եմ այլ կերպ մտածել, բայց պատերազմի ժամանակ տեսել եմ, թե ինչպես են ընկերներին թողնում ու փախչում, ինչպես էր հայը հայի տունը թալանում։ Ինչպե՞ս են Արցախ-Հայաստան բաժանումներ դնում։ Շատերն ասում են՝ արցախցին հայ չէ…բա ի՞նչ է, ո՞վ է։ Մենք շատ փոքրիկ ազգ ենք, քարտեզի վրա շատ աննշան տեղ ենք զբաղեցնում, բայց 100 կմ այսկողմ ապրող հային ասում ենք՝ հայ չի, թուրք ա, թուրքի հետ ապրած ա։ Այստեղ էլ Հայաստանի ժողովրդի նկատմամբ է բացասական քարոզ գնում։ Մենք այսպիսին լինելու իրավունք չունենք. մենք այն քանակի բնակչությամբ, այն ռեսուրսներն ու տարածքն ունեցող ազգը չենք, որ պառակտվելու, իրար միս ուտելու «շռայլությունը» մեզ թույլ տանք։ Եթե չենք մեռել, ուրեմն պարտավոր ենք ապրել։ Ու եթե ուզում ենք մեր հողի վրա ապրել, պետություն ունենալ, մեր երկրի տերը լինել, ուրեմն պետք է միասնական լինենք ու ուժեղանանք, զարգանանք։

Հ.Գ. – Վերջում հիշեցնենք՝ «Բաժակ» գինետանը գինու լայն տեսականուց բացի առաջարկվում է նաև սուրճի, թեյի և այլ ըմպելիքների տեսականի, շատ համեղ ուտեստներ։ Ամենակարևորը՝ «Բաժակ»-ում շատ հաճելի միջավայր է։ Սա տեղ է, որտեղ անպայման ուզում ես նորից վերադառնալ։ Այցելեք Արցախ, այցելեք «Բաժակ» (Հասցեն՝ ք. Ստեփանակերտ, Վազգեն Սարգսյան 18/38)։

21/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.45
+0.26
Եվրո (EUR)
409.74
-0.78
Ռուբլի (RUR)
3.86
-0.02
Լարի (GEL)
142.08
+0.17
33062.61
+239.17
Արծաթ
386.53
-4.93