ՊԵԿ-ն էլեկտրոնային կառավարման համակարգի վերաբերյալ հայտարարություն է տարածել
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերջին օրերին ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգից օգտվելու, ինչպես նաև այն սպասարկելու հնարավորությունները սահմանափակվել են համակարգի դանդաղ աշխատելու հետևանքով:
Խնդիրը պայմանավորված է առկա սերվերային հզորություններով, որոնք տարիներ շարունակ թվային ծառայությունների մատուցման, դրանք հարստացնելու և ընդլայնելու արդյունքում չեն թարմացվել։ Համակարգում ներկայումս ընդգրկված տեղեկատվությունն ահռելի չափերի է հասնում, մեծացել է հիշողության ծավալը, արդյունքում՝ ի հայտ են եկել խնդիրներ։
ՊԵԿ-ը հայտնում է, որ սերվերային համակարգը հզորացնելու ուղղությամբ կազմակերպվել է մրցութային գործընթաց, և արդյունքներն ամփոփվում են։ Կառավարության կողմից նախատեսվել են անհրաժեշտ ֆինանսական միջոցներ նոր սերվերներ ձեռք բերելու համար։
Այս պահին կոմիտեի մասնագետներն անում են ամեն ինչ առկա կարողությունների սահմաններում համակարգը հնարավորինս անխափան պահելու ուղղությամբ։
ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառած անհանգստության համար։