Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի ժամանակ հավանություն տալով Սևանա լճի ափին բարձրլեռնային մարզական կենտրոն հիմնադրելու հայեցակարգին` կառավարությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարել է վեցամսյա ժամկետում ապահովել կենտրոնի հիմնադրման գործարար ծրագրի կազմման աշխատանքները` ՀՀ ազգային մրցունակության հիմնադրամի հետ կնքելով համապատասխան պայմանագիր։ Հայեցակարգի հիմնական նպատակն է Սևանա լճի ափին հիմնել համաշխարհային մասշտաբով եզակի բարձրլեռնային մարզական համալիր, որը կհամալրվի գերժամանակակից մարզական գույքով և սարքավորումներով և կտրամադրի մարզական, առողջարարական և զբոսաշրջային բարձրակարգ ծառայություններ։ Այն կլինի ոչ միայն բարձրակարգ մարզումների աշխարհահռչակ վայր, այլև օլիմպիական մարզական բազա հայ մարզիկների համար։ Համալիրի հիմնումը մեծապես կնպաստի տեղական համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը։
Սևանա լճի ափին բարձր լեռնային մարզական կենտրոնի հիմնադրման ծրագրի ապահովման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը 2010թ. 4-րդ եռամսյակում տրամադրվել է 19250.0 հազար դրամ։
«Այս փաստաթղթերն անցել են նաև Ազգային մրցունակության խորհրդի խողովակով և համահունչ են տուրիզմի զարգացման այն ծրագրերին, որ իրականացնում է Ազգային մրցունակության խորհուրդը։ Ենթադրվում է, որ մասնավոր ջանքեր են ներդրվելու, որպեսզի այս ծրագրի շրջանակներում մենք ունենանք ներդրողներ։ Միևնույն ժամանակ ուզում եմ նշել, հարգելի գործընկերներ, որ վերջին շրջանում մենք դրական ձեռքբերում ունենք` այն է, որ բոլոր այն նախագծերը, որոնք հայտնվում են կառավարության օրակարգում, նախապես քննարկվում են մամուլում։ Դա նշանակում է, որ մենք արձագանք ենք ստանում, թե ինչպես է հանրությունը վերաբերվում որոշումների նախագծերին, որոնք մեր օրակարգում կան։ Այդ առումով կարող ենք ասել, որ մեր աշխատանքների թափանցիկությունը հասել է այն մակարդակին, որ մինչև կառավարության կողմից նախագծերի ընդունումն արդեն կան լուրջ վերլուծական նյութեր, այս կամ այն բնույթի նախագծերի դիտարկում և քննադատություն, որոնք ներառված են օրակարգում»,- ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։