Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի կինը` հայտնի բիզնես-լեդի Ելենա Բատուրինան, վաճառել է ռուսական բանկերից մեկի (ОАО "АКБ Русский земельный банк") իր մասնաբաժինը և դուրս եկել բաժնետերերի կազմից: Մինչ այս Ելենա Բատուրինային էին պատկանում բանկի բաժնետոմսերի 98,116%-ը:
Հատկանշական է, որ իր մասնաբաժինը Մոսկվայի նախկին քաղաքապետի կինը վաճառել է վեց կիպրոսյան մասնավոր ընկերությունների: Այդ ընկերություններն են Boaden Ltd., Elppop Ltd., Fanjet Ltd., Kourinio Ltd., Stylileni Ltd. (որոնցից յուրաքանչյուրին է անցել բանկի բաժնետոմսերի 16,3524%-ը) և Xulaka Ltd. (16,3540%): Բաժնետոմսերի մնացյալ 1,8%-ը կենտրոնացված է մանր բաժնետերերի ձեռքում: Բաժնետոմսերի վաճառքի գործարքի արժեքը չի հրապարակվում:
Հիշեցնենք, որ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի կինը` Ելենա Բատուրինան, ամերիկյան Forbes ամսագրի կողմից այս տարի ճանաչվել էր աշխարհի ամենահարուստ երրորդ գործարար կինն, ով իր աշխատասիրության շնորհիվ կարողացել է կուտակել զգալի կապիտալ: Ելենա Բատուրինայի ընդհանուր կարողությունը գնահատվում է 2,9 մլրդ դոլար: