ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՍՏԱՑԵԼ Է ISO 9001:2008 ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ
ՎիվաՍել-ՄՏՍ-ը` Հայաստանի առաջատար բջջային օպերատորը, ստացել է ISO 9001:2008 համապատասխանության սերտիֆիկատ` Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտում այդ առումով ևս դառնալով համապատասխան փաստաթուղթ ստացած առաջին ընկերությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ում ISO 9001:2008 ստանդարտի պահանջներին համապատասխան` Որակի կառավարման համակարգի ներդրման նախագիծը մեկնարկեց 2009-ի նոյեմբերին: ISO 900: 2008-ի պահանջներին համապատասխան Որակի կառավարման համակարգ գործարկելու համար ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցներից պահանջվեց մեկ տարուց էլ քիչ ժամանակ:
ISO 9001:2008 սերտիֆիկատը ՎիվաՍել-ՄՏՍ-ին շնորհվել է բջջային հեռահաղորդակցության ծառայությունների մատուցման և հաճախորդների սպասարկման ոլորտների համար: Այն ուղղված է մատուցվող ծառայությունների և հաճախորդների սպասարկման որակի բարելավմանն ու հաճախորդների գոհունակության բարձրացմանը, ինչպես նաև ընկերության գործառություններին առնչվող պարտադիր և կարգավորող պահանջների շրջանակներում անընդհատ բարելավմանը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ում ներդրված Որակի կառավարման համակարգը համապատասխանում է ISO 9000 շարքի սրանդարտներում սահմանված հետևյալ սկզբունքներին.
1. բաժանորդամետություն
2. առաջնորդություն
3. մարդկանց ներգրավում
4. գործընթացային մոտեցում
5. համակարգային մոտեցում կառավարմանը
6. շարունակական բարելավում
7. փաստերի վրա հիմնված որոշումների կայացում
8. մատակարարների հետ փոխշահավետ հարաբերություններ
Վերը նշված սկզբունքները համապատասխանում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի` գործունեության առաջին իսկ օրվանից որդեգրած հիմնարար արժեքներին:
2010 թվականի օգոստոսին «SGS Group»-ը (ստուգման, վավերացման, թեստավորման և սերտիֆիկացման ոլորտում համաշխարհային առաջատար ու նորարար շվեյցարական ընկերություն է` հիմնված 1878 թվականին, որն ունի որակի և անաչառության համաշխարհային չափանիշի ճանաչում) ՎիվաՍել-ՄՏՍ-ում անցկացրեց ISO 9001:2008 սերտիֆիկացման աուդիտ, ինչի արդյունքներով 2010-ի նոյեմբերին ընկերությունը ստացավ ISO 9001:2008 համապատասխանության սերտիֆիկատ: Սերտիֆիկացումն իրականացվել է ՄՏՍ խմբի որակի կառավարման համակարգի սերտիֆիկացման նախագծի շրջանակներում:
ISO 9001:2008 վկայականը ստանալով` ՎիվաՍել-ՄՏՍ-ն արդեն փաստացի ապացուցեց համակարգված ձևով բարձրորակ ծառայություններ մատուցելու իր հաստատակամությունը, վճռականությունը և բաժանորդամետությունը: