Տնտեսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.50+0.50
EUR BUY - 417.00-1.00 EUR SELL - 422.00+0.00
OIL:  BRENT - 73.08-1.18 WTI - 70.24-0.55
COMEX:  GOLD - 4064.50+0.84 SILVER - 59.16+1.39
COMEX:  PLATINUM - 1629.10+2.65
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 161.71+0.00 EUR/GBP - 1.1381+0.16
FOREX:  EUR/USD - 1.1381+0.16 GBP/USD - 1.3201+0.11
STOCKS RUS:  RTSI - 934.35-0.62
STOCKS US: DOW JONES - 51876.11-0.09 NASDAQ - 25297.62-0.24
STOCKS US: S&P 500 - 7354.02-0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 69360.88-4.15 TOPIX - 3963.36-1.32
STOCKS CHINA:  HANG SENG - 22671.86-1.76 SSEC - 4027.26-2.26
STOCKS EUR:  FTSE100 - 10508.02-0.21 CAC40 - 8384.87-0.55
STOCKS EUR:  DAX - 24671.22-1.29
26/06/2026  CBA:  USD - 368.12-0.14 GBP - 486.69+1.8
26/06/2026  CBA:  EURO - 419.84+2.09
26/06/2026  CBA:  GOLD - 47363-286 SILVER - 678.93-38.56
Հայաստանը «Էքսպո 2020 Դուբայ» ցուցահանդեսին կներկայանա «Էթնոթեք» կոնցեպտով
15/09/2021 21:27
Կիսվել

Հայաստանը «Էքսպո 2020 Դուբայ» ցուցահանդեսին կներկայանա «Էթնոթեք» կոնցեպտով

2021 թ. հոկտեմբերի 1-ին Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում կմեկնարկի «ԷՔՍՊՈ 2020 ԴՈՒԲԱՅ» համաշխարհային ցուցահանդեսը, որին առանձին տաղավարով կմասնակցի նաև Հայաստանը: Տարվա խոշորագույն բիզնես-մշակութային միջոցառումը կտևի շուրջ 6 ամիս՝ մինչև 2022 թ. մարտի 31-ը:

Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը և Էքսպոյում Հայաստանի տաղավարի հաղորդակցության թիմը աշխատանքային հանդիպում էին կազմակերպել հայաստանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ ցուցահանդեսի ընթացքում ԶԼՄ-ների աշխատանքի կազմակերպման և ընդհանուր առմամբ Հայաստանի մասնակցության թեմայով: Կազմակերպիչները հայ լրագրողներին ներկայացրեցին «Էքսպո 2020»-ին հավատարմագրվելու ընթացակարգը:

«Բոլոր լրատվամիջոցները կարող են գրանցվել համակարգում և ամբողջ 6 ամսվա ընթացքում ստանալ ցուցահանդեսի լուսաբանման համար անհրաժեշտ տեղեկատվություն՝ տեսանյութեր, լուսանկարներ և մամուլի հաղորդագրություններ, որպեսզի հնարավորություն ունենան նույնիսկ հեռվից լուսաբանելու միջոցառման ամբողջ ընթացքը: Այսինքն՝ այն ամենը, ինչ տեղի է ունենալու Էքսպոյի շրջանակներում, անընդհատ թարմացվելու է ներկայացված հարթակում, և միայն հավատարմագրված լրագրողները մուտքի հնարավորություն կունենան դեպի այդ ամբողջ տեղեկատվությունը», – Արմենպրեսի հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարարության մամուլի քարտուղար Գայանե Անտոնյանը՝ հորդորելով հայաստանյան ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հնարավորինս շուտ գրանցվել «Էքսպո 2020 Դուբայ»-ի կայքում, քանի որ ցուցահանդեսի մեկնարկին ընդամենը 2 շաբաթ է մնացել:

Իսկ գրանցվելու համար, ինչպես տեղեկացրեց «Էքսպո 2020 Դուբայ»-ում Հայաստանի տաղավարի հաղորդակցության թիմի ղեկավար Արմեն Ախիյանը, անհրաժեշտ է մուտք գործել media.expo2020dubai.com էլեկտրոնային հասցեով՝ լրացնելով անհրաժեշտ տվյալները:

Ինչ վերաբերում է ցուցահանդեսի բովանդակությանը և մասնավորապես Հայաստանի մասնակցությանը, ապա «Էքսպո 2020 Դուբայ»-ում մեր երկիրը հանդես կգա «Էթնոթեք» կոնցեպտով՝ աշխարհին ներկայացնելով Հայաստանի էթնիկ առանձնահատկությունները և տեխնոլոգիական հավակնությունները:

«Հայաստանը մասնակցելու է իր տաղավարով, և ներկայացված տեսահոլովակը նաև դրա մասին է, որ «Էթնոթեք» գաղափարի ներքո ներկայացվելու է ե՛ւ մեր անցյալը, ե՛ւ այդ անցյալից եկող մեր ազգային խառնվածքը այն առումով, որ հայերն իրենց պատմության ընթացքում միշտ եղել են նորարար, միշտ եղել են ստեղծագործ, ու այսօր էլ Հայաստանը փորձում է հետաքրքիր լուծումներով և տեխնոլոգիաներով հանդես գալ», – հայտնեց Արմեն Ախիյանը:

Զրուցակիցը շեշտեց, որ թեև «Էքսպո» անվանումը ինքնին ուղղորդում է դեպի ապրանքների, արտադրանքի ցուցադրություն, այդուհանդերձ, քանի որ «Էքսպո 2020 Դուբայ»-ը պետությունների ցուցահանդես է լինելու՝ այս պարագայում ոչ պակաս կարևոր է ցուցադրության ազգային-գաղափարական բաղադրիչը:

«Իրականում այս ցուցահանդեսը ոչ թե ապրանքների, այլ գաղափարների, համագործակցության, ընդհանուր հարցերի քննարկման էքսպո է լինելու: Պետք է ավելի գլոբալ նայենք հարցին», – ընդգծեց Ախիյանը:

Անշուշտ, լինելու է նաև ապրանքատեսակների ցուցադրություն, որի շրջանակում հանդես կգա նաև Հայաստանը: «Made in Armenia» («Արտադրված է Հայաստանում») խորագրով քառօրյա ցուցահանդեսին, որը տեղի կունենա 2022 թ. հունվարի 29-ից մինչև փետրվարի 1-ը, մասնակցելու են հայկական ընկերություններն ու արտադրողները՝ հնարավորություն ստանալով ոչ միայն ներկայացնել հայկական ապրանքներն ու ծառայությունները համաշխարհային շուկայում, այլև ստեղծել բիզնես կապեր և հանդիպել օտարերկրյա պոտենցիալ գործընկերների ու ներդրողների հետ:

Հայաստանի օրը «Էքսպո 2020 Դուբայ»-ում կլինի 2022 թ. հունվարի 30-ին: Այդ օրը էքսպո քաղաք կայցելի Հայաստանի բարձրաստիճան պատվիրակությունը՝ երկրի առաջին դեմքի գլխավորությամբ: Օրվա շրջանակներում տեղի կունենան նաև մշակութային միջոցառումներ:

«Էքսպո 2020» համաշխարհային ցուցահանդեսն անցկացվելու է Դուբայի հոյակերտ «Ալ Ուասլ» պլազայում (Al Wasl Plaza): Կմասնակցի 192 երկիր:

Հայկական տաղավարի հաղորդակցության հարցերով պատասխանատուն տեղեկացրեց, որ Էքսպո քաղաքը Դուբայում բաժանված է 3 գոտիների, որոնցից յուրաքանչյուրն ունի իր անվանումը՝ «Հնարավորություն» (Opportunity), «Կայունություն» (Sustainability) և «Շարժունություն» (Mobility): Հայաստանի տաղավարը տեղակայված է «Հնարավորություն» գոտում:

«Էքսպո 2020 Դուբայ»-ում Հայաստանի տաղավարի տարբերանշանը առաջին հայացքից կհիշեցնի QR կոդ՝ որպես ինֆորմացիայի հասանելիության ամենաարագ միջոց: Լոգոտիպի առանցքը հնագույն գորգագործության մեջ ընդունված Կենաց ծառի խորհրդանշանի պիքսելային պատկերն է՝ ՀՀ պետական դրոշի գույներով:

Կազմակերպիչների խոսքով՝ Հայաստանը նախորդ տարիներին մշտապես մասնակցել է համաշխարհային ցուցահանդեսներին, բայց նման մասշտաբների ցուցահանդեսի մասնակցելու է առաջին անգամ:

Դուբայի համաշխարհային ցուցահանդեսը պետք է անցկացվեր 2020 թվականին, սակայն հետաձգվել է կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Համաշխարհային այս էքսպոն աշխարհի ամենահին ցուցահանդեսային միջոցառումներից մեկն է: Այն անցկացվում է յուրաքանչյուր 5 տարին մեկ: Առհասարակ, միջազգային ցուցահանդեսները աշխարհում անցկացվում են շատ վաղուց՝ դեռևս 19-րդ դարից: Ի դեպ, Էյֆելյան աշտարակը, որն այսօր աշխարհի ամենահայտնի դիտարժան վայրերից է, կառուցվել է 19-րդ դ. վերջին Փարիզում անցկացվող էքսպոյի նպատակով:

26/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.12
-0.14
Եվրո (EUR)
419.84
+2.09
Ռուբլի (RUR)
4.7383
-0.1271
Լարի (GEL)
139.18
+0.12
47363
-286
Արծաթ
678.93
-38.56