24/03/2011 14:54
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԽՍԻՏ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ԿԵՂԾԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Այսօր` մարտի 24-ին, տեղի է ունեցել կառավարության նիստ: Իր Բացման խոսքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադառձել է կենսաթոշակների վճարման ոլորտում հայտնաբերված կեղծարարություններին:
«Մեր խնդիրն այսօր վճարային արտոնագիր ունեցող կազմակերպությունների հետ է։ Դեռևս 2010թ. ամռանը որոշում կայացրեցինք, որ թոշակների վճարումով պետությունը չպետք է զբաղվի։ Սակայն այդ ծառայության կողմից մեծ դիմադրություն կար։ Տվել էինք վեց ամիս ժամանակ, որպեսզի անցումը լիներ սահում և մենք նախապատրաստվեինք։ Ցավոք, սահունությունը մեզ չհաջողվեց ապահովել, քանի որ, կրկնում եմ, կար մեծ դիմադրություն։ Ս.թ. հունվարից, երբ այնուամենայնիվ, այս ռեֆորմը մենք իրականացրինք և բացահայտվեցին բոլոր այն խնդիրները, որոնց մասին խոսում էինք, մենք տեսանք, որ դիմադրություն կա նաև աշխատակազմի կողմից, այն մարդկանց կողմից, որոնք անմիջականորեն զբաղվում էին թոշակների բաժանումով, որոնք այստեղ ցույցեր էին կազմակերպում և պահանջում էին, որ մենք նրանց ապահովենք աշխատանքով։ Այդ մարդիկ շատ արագ հայտնվեցին վճարային ծառայություն մատուցող կազմակերպություններում և շատ կարճ ժամանակահատվածում նախարարություն ներկայացրեցին իրենց հայտերը, որ իրենք պատրաստ են այդ ծառայությունը մեզ մատուցել։ Այդ մարդիկ աշխատանքի ընդունվեցին վճարային ծառայությունում և շատ կարճ ժամկետում ներկայացրեցին 34 հազար կենսաթոշակառուի ցուցակ, որ նրանք պատրաստ են այդ 34 հազարին սպասարկել, այն պարագայում, երբ բոլոր բանկերը միասին հասցրել էին ընդամենը 10 հազար հայտ ստանալ», – առկա խնդիր մասին խոսելով նշել է վարչապետն` ավելացնելով, – «Ես հանձնարարեցի, որպեսզի վերահսկողական ծառայությունը պարզի, թե ովքեր են այդ 34 հազար թոշակառուները։ Կարճ ժամանակում պարզվեց, որ հայտերի մեջ կան մահացած մարդիկ, կան մարդիկ, որոնք Հայաստանում չեն եղել այդ ժամանակահատվածում, այսինքն այդ նույն կեղծարարությունը շարունակվում է։ Հակառակ դեպքում անհասկանալի է, թե ինչպես կարող էին նրանք այդ կարճ ժամանակահատվածում բերել այդ ցուցակները։ Նշանակում է, որ այդ մարդկանց ձեռքին կան այդպիսի ցուցակներ, որոնք թույլ են տալիս նրանց կեղծարարության շնորհիվ փող վաստակել։ Դրա համար մինչև ցուցակները վերջնականապես նախարարության կողմից չհստակեցվեն, վտանգավոր է այդ ընկերությունների հետ գործ ունենալ։ Ավելին, ես կարծում եմ, որ այս գործերը պետք է հանձնել դատախազություն, որպեսզի հասկանանք, թե ինչպես կարող էր մահացած մարդը դիմում ներկայացնել, որ ինքն ուզում է այդ վճարային ծառայության միջոցով իր թոշակն ստանալ։
Այդ ինչպե՞ս է ստացվում։ Կան մարդիկ` 121 հոգի, ովքեր Հայաստանում չեն եղել, բայց դիմումներ են ներկայացրել, 14 հոգու ընդհանրապես հնարավոր չի եղել հայտնաբերել, մի քանի անգամ գնացել են այդ մարդկանց բնակարանները, ոչ ոք չկա այնտեղ, բայց այդ ծառայություն մատուցողները բերել են դիմումները, որ այդ մարդիկ ուզում են իրենց միջոցով թոշակ ստանալ։ Ես չեմ ուզում գնահատականներ տալ, քանի դեռ վերջնականապես պարզված չեն հանգամանքները, բայց այս պահի դրությամբ արդեն 421 դեպք հայտնաբերվել է հենց այդ մի վճարային ծառայության մոտ։ Այդ մարդիկ չեն հանգստանում, ուզում են պետությունից շարունակել այդ փողերը գողանալ։ Սա է իմ կարծիքը այս բացահայտումների վերաբերյալ։ Եվ ամենասարսափելին այն է, որ չնայած այս խնդիրը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, զանգվածային լրատվության միջոցների ուշադրության կենտրոնում, որտեղ հրապարակումներ են կատարվում, վերահսկողություն է իրականացվում, ֆինանսների նախարարության աուդիտն արդեն մի քանի ամիս է զբաղվում է ցուցակների ճշգրտումով, այդ մարդկանց սա բացարձակապես չի կաշկանդում, պատրաստ են գալ կառավարության շենքի դիմաց ցույցեր կազմակերպել, որ մենք իրենց թույլ տանք, որ այս գործառույթը շարունակեն։
Սա խիստ վտանգավոր է, դրա համար առաջարկվում է ժամանակավորապես կասեցնել վճարային ծառայությունների կողմից պայմանագրերի կնքումը, մինչև որ այդ ցուցակները կճշգրտվեն, կհասկանանք, թե այդ ինչ 34 հազար թոշակառուների են նրանք հայտնաբերել, որոնք ուզում են հենց իրենց միջոցով թոշակ ստանալ»։
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
Արծաթ
403.85
+1.98
10:50 14/12/24
10:30 14/12/24
17:31 13/12/24