Կարաս ազգային սննդի ցանց. 17 տարի, 18 մասնաճյուղ, որոնցից երկուսն ԱՄՆ-ում, հարյուրավոր աշխատատեղեր
2005 թվականին երկու ընկերների կողմից Աբովյան քաղաքում հիմնադրված բիզնեսն արդեն «չափահաս է»: Իր համեղ ու հագեցնող ուտեստներով այն գոհացնում է ոչ միայն Երևանի, Ծաղկաձորի և Աբովյան քաղաքի բնակիչներին ու հյուրերին, այլև՝ հայկական համը հասանելի է նաև օվկիանոսից այն կողմ: Անցնող տարիների, հաջողությունների, դժվարությունների և ապագայի մասին զրուցել ենք «ԿԱՐԱՍ ազգային սննդի ցանց»-ի երկու հիմնադիրների՝ Տիգրան Յուզբաշյանի և Աշոտ Հարութունյանի հետ:
Ընկերության առաջին տարեդարձի օրը կարո՞ղ էիք պատկերացնել, թե ինչպիսին է լինելու այն 17 տարի անց։
– Երբ 2005 թվականին հիմնադրվեց «Կարաս ազգային սննդի ցանց»-ը, մեզ դեռ 4-5 տարի պետք էր ակտիվանալու ու շուկայում մեր դիրքը զբաղեցնելու համար: Բայց, քանի որ հիմնադրման օրվանից սկսած անդադար աշխատել ենք ընկերության զարգացման, ընդլայնման և շուկայում մրցակցային դիրք ունենալու ուղղությամբ, 17 տարի անց մեր ներկայիս հաջողությունները, ձեռքբերումներն ու ընդլայնումն ավելի շատ կանխատեսելի բնականոն զարգացում են, քան անսպասելի հաջողություն: Եթե կա քրտնաջան աշխատանք, լավ թիմ ու միասնական նպատակ, արդյունքը երկար սպասեցնել չի տա: Առաջին օրից մինչև հիմա մենք չենք դադարում մեր ամենօրյա աշխատանքը՝ ընկերությունն էլ ավելի լավը դարձնելու ուղղությամբ:
Ինչպիսի՞ն է այսօր «Կարաս»-ը, որո՞նք են կազմակերպության առանցքային ձեռքբերումներն այսօր։
– Անհամեստ չի հնչի, եթե ասենք, որ «Կարաս»-ն այսօր Հայաստանի ռեստորանային ոլորտի առաջատար ընկերություններից մեկն է: Այդ մասին փաստում են մեր գրանցած հաջողությունները և՛ ֆինանսական, և՛ բրենդի ճանաչման տեսակետից: Հպարտությամբ կարող ենք նշել, որ արդեն 3-րդ տարին անընդմեջ «Կարաս»-ը ընդգրկվում է ՀՀ 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում՝ տարեցտարի աճ գրանցելով և բարելավելով իր դիրքը սանդղակում: Այդ փաստը չի կարող մեզ չուրախացնել, քանի որ դա ոչ միայն մեր բիզնես հաջողության ցուցանիշն է, այլև մեր լուման է երկրի տնտեսության զարգացման գործում: Մենք սիրում մեր երկիրն ու միշտ պատրաստ ենք եղել թե՛ որպես քաղաքացի, թե՛ որպես գործարար նպաստել նրա զարգացմանն ու բարգավաճմանը:
Բացի այդ, արդեն երկու տարի անընդմեջ ՄՀԱ կողմից անցկացվող «Լավագույն Հայկական Բրենդ» ամենամյա մրցանակաբաշխությունից «Կարաս ազգային սննդի ցանց»-ը հեռանում է «Տարվա լավագույն արագ սննդի ցանց» տիտղոսով, որը տրվում է «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիա»-ի հայաստանյան ներկայացուցիչ «Էմ Փի Ջի» ընկերության կողմից իրականացված հարցումների արդյունքների հիման վրա:
Եվ, իհարկե, չենք կարող չնշել այս տարվա մեր ամենակարևոր ձեռքբերումն՝ ԱՄՆ-ում՝ Նորթ Հոլիվուդում մեր նոր մասնաճյուղի բացումը:
Այսպիսով, կարելի է փաստել, որ «Կարաս»-ն այսօր կայացած ու սիրված բրենդ է, որը կայուն քայլերով առաջ է ընթանում ու իրագործում իր առջև դրված նպատակը. այն է՝ սպասարկել հասարակության գրեթե բոլոր շերտերին:
Ի՞նչ առավելություններ է տալիս Կարասը՝ որպես գործատու, քանի՞ աշխատակից է աշխատում։
Ընկերությունում աշխատում են հարյուրավոր աշխատակիցներ, որոնցից շատերն իրենց աշխատանքը սկսել են «Կարաս»-ում և մինչ այսօր առաջ են շարժվում մեզ հետ միասին: Կարծում ենք՝ դա արդեն ցուցանիշ է, երբ ունես հավատարիմ և վստահելի աշխատակիցներ, ովքեր՝ 0-ից քեզ հետ միասին քայլում են դեպի առաջ: Գրանցված հաջողություններից հպարտանում մեզ հետ, դժվարությունների ժամանկ պայքարում մինչև վերջ:
Պարբերաբար իրականցվող վերապատրաստումները և ատեստացիաները մեր կադրերին դարձնում են ոլորտում մրցունակ և պրոֆեսիոնալ: Իսկ մենք միշտ բաց ենք լավ և ձգտում ունեցող կադրերի վրա ներդրում անել և օգնել իրենց առաջընթացին:
Իրականում առավելությունները շատ են և կարող ենք երկար խոսել, բայց այն փաստը, որ մեր թիմում ունենք աշխատակիցներ, որոնք 17 տարի մեզ հետ են, դա արդեն իսկ խոսուն փաստ է:
17 տարի ոլորտում, ո՞ր տարին էր ամենաբարդը:
– Բնականաբար, ինչպես բոլորիս համար, այնպես էլ մեր ընկերության համար ամենաբարդ տարին կարելի է համարել 2020 թվականը, երբ համաճարակային ճգնաժամին միացավ նաև պատերազմական դժվար օրերը: Նման բարդ իրավիճակում շարունակել աշխատել, իրոք հեշտ չէր: Բայց նաև բոլորիս պարտքն էր այդ աշխատանքն ու ջանքերը կրկնապատկել՝ ի նպաստ մեր հայրենիքի: Այդ շրջանում մեկնարկեց մեր «Karas Support» ծրագիրը, որի միջոցով ավելի քան 50.000 բաժին թարմ սնունդ էր տրամադրվում Արցախից ժամանած մեր հայրենակիցներին։
Իսկ համաշխարհային պանդեմիայի ժամանկ, երբ անսպասելի բոլորիս կյանք ներխուժեց ԿՈՎԻԴ-19-ը, «Կարաս ազգային սննդի ցանց»-ը, ինչպես բիզնես գործունեության բոլոր ոլորտները, այդ ճգնաժամի շրջանում կանգնեց խնդիրների առջև: Սակայն մեր ձեռքբերումներից մեկը կարող ենք համարել այն, որ եթե շատ կազմակերպություններ իրականացնում էին աշխատակիցների կրճատումներ, մենք ոչ միայն աշխատակիցների չկրճատեցինք, այլ նաև այդ ամենի հետ մեկտեղ «Կարաս»-ն անվճար սնունդ էր հասցնում կարանտինային գոտում մեկուսացված հարյուրավոր քաղաքացիներին, բուժանձնակազմին, ամբողջ սպասարկող անձնակազմին և ներքին գործերի աշխատակիցներին: Առաքման ծառայությունն աշխատում էր արտակարգ ռեժիմով` 24 ժամ: Նման իրավիճակներում կարևոր է պահպանել մնալու, շարունակելու, առաջ ընթանալու ցանկությունն ու հաստատակամությունը: Այդ պարագայում ցանկացած դժվարություն ու ճգնաժամ հաղթահարելի է, ինչպես դա եղավ 2020 թվականներին:
Բարդության հետ մեկտեղ այդ տարին սովորեցրեց ցանկացած իրավիճակում լարել ուժերն ու ելքեր փնտրել՝ միաժամանակ կատարելագործվելով ու ուժեղանալով:
Ինչպե՞ս եք գնահատում ռեստորանային բիզնեսի աճն ու զարգացումը 2022-ին, ինչը՞ հենց «Կարաս»-ի համար այսօր կարող է ծառայել որպես աճի խթան:
– Նախորդ 2-3 տարիների համեմատ՝ 2022-ը, իհարկե, ռեստորանային բիզնեսի տեսակետից հաջող ու զարգացման միտում ունեցող տարի է: Կորոնավիրուսի համավարակը վերջապես որոշակի նահանջ գրանցեց, մարդիկ վերադարձան բնականոն կյանքին:
Այս տարվա օտարերկրացիների երկարաժամկետ այցը Հայաստան չի կարող չնպաստել ոլորտի աշխույժացմանը: Ինչպես մեծ թվով, ընդ որում՝ տարբեր քիմքի ու ճաշակի մարդկանց գոհացնելն ու այդ ուղղությամբ անդադար աշխատելը կարող աճի խթան հանդիսանալ և մեր, և ոլորտի համար՝ առհասարակ:
Ամփոփելով հարցազրույցը՝ ի՞նչ կավելացնեք:
Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր իրենց փոքր ներդրումն են ունեցել «Կարաս»-ի զարգացման գործում՝ բանվորից մինչև տնօրեն: Լավ կադրերը, հավատն արածդ գործի հանդեպ, աշխատասիրությունը և հենց քո սեփական հայրենիքում հաջողելու ձգտումը մեզ համար բիզնեսում ամենակարևորն է:
Ունենալ 18 ռեստորանային ցանց և հարյուրավոր աշխատակիցների ապահովել աշխատանքով՝ համաձայնվեք՝ քիչ չէ: Լինելով խոշոր հարկատուների հինգահրյուարկում՝ դա էլ քիչ ներդրում չէ պետության առաջընթացին: