ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է «ՊՐՈԿՐԵԴԻՏ ԲԱՆԿԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԲԱՆԿԻՐՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ»-Ը
ՊրոԿրեդիտ Բանկը հայտարարում է «Երիտասարդ Բանկիրների ծրագրի» մեկնարկը:Վեց ամիս տևողությամբ այս բացառիկ ծրագրի շրջանակներում մրցութային կարգով ընտրված խոստումնալից երիտասարդներին կընձեռվի բանկային համակարգին վերաբերող անհրաժեշտ հիմնարար տեսական գիտելիքներ, գործնական հմտություններ ձեռք բերելու և ՊրոԿրեդիտ Բանկում հեռանկարային աշխատանքի առաջարկ ստանալու հնարավորություն:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` «ՊրոԿրեդիտ Բանկի Երիտասարդ Բանկիրների ծրագիրը» նախատեսված է 21-25 տարեկան, ՀՀ ԲՈՒՀ-երի ավարտական կուրսերում սովորողների և շրջանավարտների համար՝ անկախ աշխատանքային փորձի առկայությունից: 20-25 մասնակիցները կընտրվեն բանկի գործող կադրերի համալրման մրցութային կարգով և ծրագրի ողջ ընթացքում կվարձատրվեն: Ծրագրի շրջանակներում մասնակիցներին կտրվեն հիմնարար գիտելիքներ բանկային ոլորտում, բիզնես միջավայրում ինքնադրսևորման համար անհրաժեշտ հմտություններ և ստացված գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություն՝ Բանկի Երևանում գտնվող մասնաճյուղերում և Գլխամասի տարբեր բաժիններում: Հաշվի առնելով մասնակիցների հետաքրքրությունների շրջանակն ու հմտությունները, ինչպես նաև ծրագրի ողջ ընթացքում նրանց կատարողականը, լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցներին կառաջարկվի աշխատանք Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկում:
Բանկի գործադիր տնօրեն Բերտոլտ Հերցֆելդը ծրագրի մեկնարկի առիթով նշել է. «Երիտասարդ Բանկիրների ծրագիրը ՊրոԿրեդիտ Խմբում հաջողված նախաձեռնություն է. Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում այն արդեն իսկ գործում է՝ ապահովելով գոհացուցիչ արդյունքներ թե՛ Բանկի, և թե՛ երիտասարդ մասնագետների համար, որոնք իրենց կարիերան սկսում են կայուն հիմքեր ունեցող կազմակերպությունում: Համոզված եմ, որ Հայաստանում նույնպես ծրագիրը մեծ արձագանք կունենա, քանի որ իր շարունակական ներդրումն է ունենալու աշխատանքի շուկայի բարելավման գործում»: