ՍԹԱՐ-Ն ԱՄՓՈՓԵԼ Է «ՄԻԱՍԻՆ ՕԳՆԵՆՔ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ» ԱՄԵՆԱՄՅԱ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԱԿՑԻԱՅԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Երեխաների պաշտպանության օրվա առիթով մայիսի 26-ին մեկնարկած «Միասին օգնենք երեխաներին» ամենամյա բարեգործական ակցիայի արդյունքներն ամփոփվել են: Համաձայն ակցիայի պայմանների, ՍԹԱՐ սեփական ապրանքանիշի և սեփական արտադրության ապրանքատեսականու վաճառքի յուրաքանչյուր 20-րդ դրամից հավաքված գումարը, հայտարարված շաբաթվա ընթացքում, ընկերությունը պետք է փոխանցեր Հայաստանի լեյկեմիայով հիվանդ մանուկների բարեգործական հիմնադրամին: Այսպիսով, հավաքված գումարը կազմում է 836 951 դրամ: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՍԹԱՐ-ի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի նույնպես, այս կարևոր նախաձեռնությանը միացել են նաև ՍԹԱՐ առևտրային ցանցի մատակարարները և գործընկերները` Աշտարակ Կաթ ՓԲԸ, Կոկա Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա ՓԲԸ, Ար Դելիկատես, Վանց Գրուպ ՍՊԸ, Նարիմ ՍՊԸ, Պոլիտան ՍՊԸ, Ջերմուկ Գրուպ ՓԲԸ, Երկու եռյակ, Պռոշյանի Կոնյակի գործարան, Լինդա ՍՊԸ, Պիկանտ Համ ՍՊԸ, Թամարա ՍՊԸ` նվիրաբերելով Հայաստանի Լեյկեմիայով հիվանդ մանուկների բարեգործական հիմնադրամին 2 450 000 դրամ:
«Ուրախալի է, որ գործարար հանրությունն անտարբեր չէ հասարակության մեջ առկա խնդիրներին և կրելով սոցիալական պատասխանատվություն` պատրաստակամությամբ ընդունում են մեր կողմից ներկայացվող աջակցության նման առաջարկները»,- նշել է ՍԹԱՐ առևտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը:
«Որպես քրիստոնեական մշակույթի կրողներ, յուրաքանչյուրիս պարտքն է նվիրաբերություն կատարելը, այդ իսկ պատճառով ՍԹԱՐ-ի աշխատակազմն, այս կորպորատիվ նախաձեռնությանն, իր մասնակցությունն ունեցավ նաև որպես անհատ` նվիրաբերելով 312 000 դրամ հիմնադրամին»,- նշել է ՍԹԱՐ առևտրային ցանցի մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար Մարիանա Էդիլյանը:
Այսօր` հունիսի 7-ին, ՍԹԱՐ առևտրային ցանցի ղեկավարությունն` ի դեմս գործադիր տնօրեն Վահան Քերոբյանի կհանձնի 3 628 951 դրամի սերտիֆիկատը Հայաստանի Լեյկեմիայով հիվանդ մանուկների բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Նաիրա Սիմոնյանին և հիմնադրամի ներկայացուցիչներին: Նվիրատվության հանձնման արարողությանը ներկա կլինեն ՀՀ Առողջապահության նախարարության ներկացուցիչներ և ՍԹԱՐ ցանցի մատակարարներ:
Հիշեցնենք, որ «Միասին օգնենք երեխաներին» ամենամյա բարեգործական ակցիան ՍԹԱՐ առևտրային ցանցը սկսել է իրականացնել 2009թ.-ից: 2009 և 2010-ին ՍԹԱՐ առևտրային ցանցի, նրա հաճախորդների, աշխատակիցների, գործընկերների և մատակարարների ներգրավմամբ հիմնադրամ է ուղղվել 7 107 000դրամ: Նվիրաբերված ֆինանսական միջոցների շնորհիվ 2009-ին իրականացվել են շինարարական և վերանորոգման աշխատանքներ արյունաբանական կենտրոնի մանկական բաժանմունքում, հրավիրվել են բարձրակարգ մասնագետներ արտերկրից, 2010-ին իրականացվել է հիվանդասենյակների կահավորման աշխատանքներ, ձեռք է բերվել 2 ինֆուզամատր TE 33 INMMS /փոխներարկումային սարքավորում/, ինչպես նաև դեղորայքներ: