ՍԱՀՄԱՆՎԵԼ Է ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԳԵՐԻՇԽՈՂ 5 ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՑԱՆՑԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը լայնածավալ ուսումնասիրություն էր սկսել մանրածախ առևտրի ոլորտում՝ պարզելու, թե որ տնտեսվարողներն են հանդիսանում այս դաշտում գերիշխողները: Այսօր՝ հունիսի 8-ին կայացած նիստում ներկայացվեցին այս ուսումնասիրության արդյունքները:
Ըստ այդմ, Հանձնաժողովի որոշմամբ, այս ոլորտում գերիշխող դիրք են զբաղեցնում «Ալեքս Գրիգ», «ՍԱՍ գրուպ», «Ֆրեշ», «Սթար Դիվայդ» և «Նոր Զովք» ընկերությունները՝ համապատասխանաբար «Երևան Սիթի», «ՍԱՍ», «Ֆրեշ», «Սթար» և «Նոր Զովք» խանութների ցանցերով, ինչը նշանակում է, որ այսուհետ վերոնշյալ վաճառակետերի գործունեության նկատմամբ ևս Հանձնաժողովը կսահմանի խիստ վերահսկողություն, իսկ օրենքի խախտումներ թույլ տալու դեպքում՝ տնտեսվարողները կենթարկվեն պատասխանատվության:
Տեղեկացնենք, որ նախկինում գործող օրենքը թույլ չէր տալիս նման ուսումնասիրություն իրականացնել մանրածախ առևտրի ոլորտում, ինչը կարգավորվել է նոր և արդեն ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխություններով: