Թվային փոխակերպմանը նվիրված Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը Երևանում համախմբեց ոլորտի հայ և արտասահմանցի ներկայացուցիչների
Հունիսի 17-ին, Մատենադարանում կայացավ թվային փոխակերպմանը նվիրված SILICON MOUNTAINS 2022 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը:
Արդեն երրորդ անգամ անցկացվող միջոցառման կազմակերպիչն էր Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը: Այս տարի միջոցառմանն աջակցում էր ՀՀ Կենտրոնական բանկը:
Գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի պետական պաշտոնյաները, ՏՀՏ ոլորտի առաջատար ընկերությունների ղեկավարները և արտերկրից հրավիրված փորձագետները քննարկել են թվային փոխակերպման կարևորությունը և թվային լուծումների կիրառումը տարբեր ոլորտներում: Այս տարվա թեմաներն էին՝ թվային փոխակերպում, ֆինթեք և կիբեռանվտանգություն:
Գագաթնաժողովի շրջանակում ՀՀ Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը ներկայացրեց «Կառավարության և ԿԲ համատեղ թվայնացման օրակարգը» թեման:
«Բաց եւ որակյալ տվյալները ազգային հարստության համար կենսական նշանակություն ունեցող ակտիվ են: Մեր տեսլականն է ստեղծել զարգացած եւ անվտանգ միջավայր, հիմնարարներ եւ ենթակառուցվածք՝ Հայաստանը թվային հասարակության եւ թվային տնտեսության վերափոխելու համար: Դա կավելացնի քաղաքացիների ներուժը իրենց բարեկեցությունը բարձրացնելու համար, ձեռնարկություններին կսատարի իրենց մրցունակությունը բարելավելու գործում եւ կապահովի հանրային ինստիտուտների արդյունավետ կառավարումը՝ քաղաքացու կենսագործունեությանը միտված Տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիական լուծումների մշակման եւ լայնատարած օգտագործման միջոցով։ Եթե կարողանանք հասնել նրան, որ այս ամբողջ գործընթացի համար մասնավոր հատվածը տեր զգա իրեն` կհաջողենք»,- նշել է նա։
ՏՀՏԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Մուսաելյանի խոսքով՝ այժմ Հայաստանում չկա թվային փոխակերպման ընդհանուր համակարգ կամ հանրային և մասնավոր հատվածների միջև համագործակցություն։ «Կան առանձին կղզյակներ, և մեր գլխավոր մարտահրավերը դրանց միացումն է մեր համակարգում»,- ասել է նա։ Մուսաելյանի խոսքով, միջոցառումը հյուրընկալել է փորձագետներին Հայաստանից և արտերկրից»:
Միջոցառման ընթացքում կայացավ երկու պանելային քննարկում: Թվային փոխակերպում պանելային քննարկումը վարում էր ՀՀ կենտրոնական բանկի Կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտի տնօրենի տեղակալ Կոմիտաս Ստեփանյանը: Քննարկման մասնակիցներն էին ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, ՏՀՏ գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը, Կովկասում Visa-ի տարածաշրջանային մենեջեր Դիանա Կիգուրաձեն, Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում կազմակերպության նախագահ և Սիներջի ընկերության հիմնադիր և գլխավոր տնօրեն Աշոտ Հովանեսյանը և ԷԿԵՆԳ-ի տնօրեն Լեոնիդ Ավետիսյանը։
Ֆինթեքին նվիրված պանելային քննարկումը վարեց «Ստակ Մանի Տրանսֆեր» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպության խորհրդի նախագահ Վախթանգ Աբրահամյանը: Մասնակիցներն էին ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի կայունության և կարգավորման դեպարտամենտի տնօրեն Գարեգին Գևորգյանը, «Ակբաբանկ» ԲԲԸ-ի պլատֆորմների և տեխնոլոգիաների զարգացման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Սիմոնյանը, «ՄոբիԴրամ»ՓԲԸ գլխավոր տնօրեն Կիմ Ավանեսյանը, «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի թվային բանկինգի տնօրեն, վարչության անդամ Սերգեյ Առաքելյանը, «Արմենիան Քարդ» ՓԲԸ գործադիր տնօրեն Իշխան Մխիթարյանը և Էվոկաբանկի Թվային բիզնեսի վարչության պետ Ռուբեն Սաղոյանը:
Այսօր գագաթնաժողովի հատուկ հյուրերն էին էստոնական Proud Engineers խորհրդատվական ընկերության տեխնոլոգիական տնօրեն (CTO) Անդրես Կուտտը և ռիսկի կառավարման փորձագետ Ռամզես Գալլեգոն:
Միջոցառման հատուկ հյուրերից էր Անդրես Կուտտը, ով նախկինում զբաղեցրել է ղեկավար պաշտոններ Skype ընկերությունում և Էստոնիայի պետական համակարգում և այժմ հանդիսանում է Proud Engineers ընկերության գլխավոր տեխնոլոգիական տնօրենը: «Բազմից այցելել եմ Հայաստան, ինչն ինձ հնարավորություն է ընձեռել հետևել ձեր երկրում ՏՏ ոլորտի զարգացմանը»,- ասել է Կուտտը։ Անդրադառնալով Էստոնիայի ՏՏ ոլորտի վերջին զարգացումներին, նա նշել է, որ դժվարությունները ստիպել են նոր և նորարարական լուծումներ գտնել։ «Հայաստանում ինժեներական աշխատուժը հիմնականում շատ որակյալ է, տեսնում եմ բազմաթիվ հիանալի նախագծեր»,- ասել է Կուտտը։ Նրա գնահատմամբ՝ Հայաստանն ունի բարձրորակ ՏՏ քաղաքականություն և սկզբունքներ, սակայն անհրաժեշտ է բարելավել արտադրանքի սպասարկման կառավարումը։
Անվտանգության մասնագետ Ռամզես Գալլեգոն, ով Quantum World Association ընկերությունում գործադիր փոխնախագահն է և CyberRes ընկերության միջազգային հարցերով գլխավոր տեխնոլոգիական տնօրենը, խորհրդատվություն է տրամադրում ՀՀ Կենտրոնական բանկին՝ թվայնացման և կիբեռանվտանգության ոլոտներում։ «Ես արդեն 5-րդ անգամ է, ինչ գալիս եմ Հայաստան, և ինձ համարում եմ այս երկրի ընկեր»,- ասել է Գալլեգոն։
Նրա խոսքով՝ այս ոլորտում գլխավոր մարտահրավերը կիբեռ հանցագործություններն են։ «Շատ կարևոր է ճիշտ գնահատել ռիսկերը և իրազեկել բոլոր մարդկանց այդ ռիսկերի առկայության մասին։ Խորհուրդ եմ տալիս հիշել՝ կիբեռ հանցագործների դեմ պայքարը երբեք չի ավարտվի»,- ասել է Գալլեգոն։
Visa ընկերության Կովկասի տարածաշրջանի հարցերով ղեկավար Դիանա Կիգուրաձեն հաճախ է այցելում Հայաստան և աշխատում հայ գործընկերների հետ՝ ՀՀ-ում թվայնացումը զարգացնելու ուղղությամբ։ Կիգուրաձեի խոսքով, թվայնացումը հանդիսանում է Հայաստանում Visa ընկերության զարգացման ծրագրի ամենամեծ մասը։ «Մեր առաքելությունն է օգնել Հայաստանի կառավարությանը և բոլոր ներգրավված կողմերին՝ կատարել անցումը դեպի անկանխիկ հասարակություն։ Մենք բազմաթիվ հնարավորություններ ենք տեսնում այստեղ, և ես համոզված եմ, որ ճիշտ ճանապարհին ենք»,- ասել է նա։ Նրա կարծիքով՝ անկանխիկ վճարումների ենթակառուցվածքների զարգացումը հաջող է ընթանում Հայաստանում։
Հիշեցնենք, որ Silicon Mountains առաջին համաժողովն անցկացվել էր 2019թ. դեկտեմբերի 4-5-ին և նվիրված էր ՏՀՏ ոլորտում «խելացի լուծումներին» և համաշխարհային շուկայում առաջիկա տարիներին սպասվող զարգացումներին: Համաժողովի պատվավոր հյուրն էր ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2019թ. դափնեկիր, ճապոնացի գիտնական դոկտոր Տակեո Կանադեն: Միջոցառմանը մասնակցում էին բանախոսներ համաշխարհային առաջատարկազմակերպություններից՝ Microsoft, Cisco, nCipher Security եւ NXP Semiconductors:
2021թ. նոյեմբերի 19-ին էլ կայացավ Silicon Mountains երկրորդ համաժողովը՝նվիրված տնտեսության մեջ խելացի լուծումների կիրառությանը (Digital Smart Economy)։ Համաժողովի հատուկ հյուրն էր Սինոփսիս վերազգային ընկերության նախագահ Դր. Չի-Ֆուն Չանը, ով ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2020 թվականի (GIT Award 2020) մրցանակակիրն է։
SILICON MOUNTAINS 2022-ի գլխավոր գործընկերն է Cisco ընկերությունը, աջակիցը` ՀՀ Կենտրոնական բանկը։Գործընկերներն են հետևյալ ընկերությունները և կառույցները` «Յունիքոմփ» ՓԲԸ, «ԱԿԲԱ բանկ» ԲԲԸ, «Էվոկաբանկ» ՓԲԸ, «Հայլինք թեքնոլոջիզ» ՍՊԸ, «Սոլարա» ՍՊԸ, Տեսլա Էներջի,Վիասֆեր Տեխնոպարկ, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն, RECONOMY` Շվեդիայի Միջազգային Զարգացման Համագործակցության Գործակալության (Sida) ներառական և կանաչ տնտեսական զարգացման ծրագիրը, որն իրականացվում է HELVETAS Swiss Intercorporation-ի կողմից՝ Արևելյան գործընկերության և Արևմտյան Բալկանների երկրներում: Ինֆորմացիոն աջակիցն է news.am-ը։