FRANCE TELECOM-Ն ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՈՒՆԻ 217 ՄԼՆ ԲԱԺԱՆՈՐԴ
Ֆրանսիայի խոշորագույն բջջային կապի օպերատորը և հասույթի մակարդակով Եվրոպայի հեռահաղորդակցության ոլորտի երրորդ խոշորագույն ընկերությունը` France Telecom-ը, ամփոփել է 2011 թվականի առաջին կիսամյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսական հաշվետվության համաձայն` հաշվետու այս վեց ամիսների արդյունքներով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, ընկերության զուտ շահույթը կրճատվել է 47%-ով (կամ 1.9 անգամ) և կազմել 1,95 մլրդ եվրո, ընդ որում մեկ բաժնետոմսին բաժին ընկնող զուտ շահույթը կազմել է 0,73 եվրո: Միևնույն ժամանակ, հաշվետու վեց ամիսների արդյունքներով France Telecom-ի հասույթն աճել է 1.9%-ով և կազմել 22,57 մլրդ եվրո:
Ընկերության բաժանորդային բազան ամբողջ աշխարհում այս նույն ամիսներին ավելացել է 7%-ով և կազմել 217,3 մլն բաժանորդ: