ՊԵԿ. Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ-ի «Ասիայի նախաձեռնության» երկրորդ բարձրաստիճան հանդիպմանը
Հայաստանի պատվիրակությունը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի և Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանի գլխավորությամբ, օրերս Ինդոնեզիայում մասնակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) «Ասիայի նախաձեռնության» երկրորդ բարձրաստիճան հանդիպմանը:
«Ասիայի նախաձեռնության» երկրորդ բարձրաստիճան հանդիպումը կայացել է «Աջակցություն վերականգնմանը՝ հարկման թափանցիկության բարձրացման միջոցով» խորագրի ներքո։ Հանդիպման առանցքում եղել են ասիական տարածաշրջանում հարկային մարմինների միջև միջազգային համագործակցության, հարկման նպատակով ֆինանսական տեղեկությունների հասանելիության ապահովման, հարկումից խուսափման և ապօրինի ֆինանսական հոսքերի դեմ պայքարի խնդիրները:
«Ասիայի նախաձեռնությունը» մեկնարկել է դեռևս անցյալ տարի՝ նպատակ ունենալով աջակցել ՏՀԶԿ Հարկման նպատակով թափանցիկության և տեղեկատվության փոխանակման գլոբալ ֆորումի կողմից մշակված տեղեկությունների փոխանակության ստանդարտների ներդրման համաշխարհային ջանքերին և ձևավորել ասիական տարածաշրջանին հարմարեցված լուծումներ՝ ՏՀԶԿ ստանդարտները ներդնելու համար։
Հանդիպմանը մասնակցել են «Ասիայի նախաձեռնությունը» ստորագրած 15 ենթադատությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ Հայաստանից, Չինաստանից, Ճապոնիայից, Հնդկաստանից, Ինդոնեզիայից, Հարավային Կորեայից, Մալայզիայից, Մոնղոլիայից, Մալդիվներից, Թաիլանդից, Սինգապուրից, Հոնկոնգից (Չինաստան), Մակաոյից (Չինաստան), Պակիստանից և Բրունեյից։
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, «Ասիայի նախաձեռնության» երկրորդ բարձրաստիճան հանդիպմանը, հանդես է եկել Հայաստանում իրական շահառուների հայտարարագրման համակարգի ներդրման փորձին նվիրված շնորհանդեսով։
Հանդիպման մասնակիցները քննարկել են «Ասիայի նախաձեռնության» գործունեության ոլորտները, ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունների ավտոմատ փոխանակման արդյունավետությունը և մի շարք այլ հարցեր: Փոխանակվել է նաև կամավոր բացահայտման սխեմաների և իրական շահառուների մասով արդյունավետ համակարգի ձևավորման փորձը։ Հանդիպման արդյունքներով հաստատվել է «Ասիայի նախաձեռնության» շրջանակում առաջիկա գործունեության բարձրաստիճան աշխատանքային ծրագիրը։
Հայաստանը միացել է «Ասիայի նախաձեռնությանը» 2022 թ.-ի օգոստոսին։ Ակնկալվում է, որ Հայաստանի մասնակցությունը նախաձեռնությանը հնարավորություն կընձեռի զարգացնել հարկային վարչարարության ոլորտում միջազգային համագործակցությունն ասիական տարածաշրջանի գործընկերների հետ, ապահովել այդ երկրներից հարկային տեղեկությունների հասանելիությունը Հայաստանի հարկային մարմնի համար, ակտիվացնել ասիական տարածաշրջանի երկրների հետ հարկային տեղեկատվության արդյունավետ փոխանակումը, ինչպես նաև հարկումից խուսափման դեմ պայքարում իրականացնել լավագույն փորձի փոխանակում՝ նպաստելով ՀՀ հարկային վարչարարության արդյունավետության բարձրացմանը։