ՀԲ ՆԱԽԱԳԱՀ – ԱՄՆ-ԻՆ ԿՀԱՋՈՂՎԻ ԽՈՒՍԱՓԵԼ ՃԳՆԱԺԱՄԻՑ ԵՐԿՐՈՐԴ ԱԼԻՔԻՑ
ԱՄՆ տնտեսությանն, ամենայն հավանականությամբ, կհաջողվի խուսափել ճգնաժամի երկրորդ ալիքից` չնայած այն հանգամանքին, որ վերջին ժամանակահատվածում զգալի աճել են համաշխարհային տնտեսությանը սպառնացող ռիսկերը: Նման հայտարարությամբ հանդես է եկել Համաշխարհային բանկի (ՀԲ) նախագահ Ռոբերտ Զելնիկը` ամերիկյան Bloomberg գործակալությանը տված իր հարցազրույցում: ՀԲ նախագահը, միևնույն ժամանակ, անդրադարձել է եվրոպական պարտքային ճգնաժամին և նշել, որ Եվրագոտու «ապագան» բացառապես պայմանավորված կլինի եվրոպական առաջնորդների որոշումներով:
«Մեկնարկում է բարդ և վտանգավոր ժամանակաշրջան, և եթե այս հատվածում ԱՄՆ-ին հաջողվի խուսափել նոր ճգնաժամից` գրանցելով միայն աճի տեմպերի կտրուկ անկում, ապա Եվրագոտու համար այս ժամանակաշրջանը կլինի առավել զգայուն և ռիսկային», – նշել է Ռոբերտ Զելնիկը` հավելելով, որ ի տարբերություն ամերիկյան տնտեսության առկա խնդիրներին` եվրոպական տարածաշրջանում ֆինանսական խնդիրներն առավել «մութ են և անկանխատեսելի»: