ԱՄՀ – ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՆԿԵՐԻՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿԱՊԻՏԱԼ
Եվրոպական բանկերի կապիտալի համալրման համար կպահանջվի լրացուցիչ 100-200 մլրդ դոլար: Նման հայտարարությամբ հանդես է եկել Արժույթի Միջազգային Հիմնադրամի եվրոպական ստորաբաժանման ղեկավար Անտոնիո Բարհեսը` ընդգծելով, որ նշված գումարը շատ չնչին է` եվրոպական ֆինանսական շուկայի ծավալների համեմատությամբ, սակայն անհրաժեշտ է և պարտադիր` եվրոպական բանկային համակարգի նկատմամբ ներդրողների վստահության վերականգնման համար: Միևնույն ժամանակ, ԱՄՀ ներկայացուցիչը նշել է, որ ոչ մի երկրի բանկային համակարգ չի կարող դիմակայել ներդրողների վստահության անկումը, և խնդիր առավել բարդ է, երբ վերաբերում է մի ամբողջ տարածաշրջանի բանկային համակարգին: «Անհրաժեշտ է մշակել եվրոպական բանկերի փրկության հստակ ու մանրակրկիտ ծրագիր, որպեսզի նոր սխալներ ի հայտ չգան», – ասել է ԱՄՀ ներկայացուցիչը:
Հատկանշական է, որ եվրոպական պարտքային ճգնաժամի ընդհանուր ֆոնի վրա համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի կրկնվելու հավանականությունն ԱՄՀ ներկայացուցիչը գնահատել է փոքր: