ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՌԱՆՁՆԱԶՐՈՒՅՑ Է ՈՒՆԵՑԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ՆԻԿՈԼԱ ՍԱՐԿՈԶԻԻ ՀԵՏ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 7-ին, առանձնազրույց է ունեցել պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ: Հանդիպման ավարտին Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: Մինչ այդ, Նախագահ Սերժ Սարգսյանը Նիկոլա Սարկոզիին պարգևատրել է Փառքի շքանշանով` հայ- ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման, Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև համակողմանի համագործակցության խորացման և ընդլայնման, ինչպես նաև խաղաղության և միջազգային անվտանգության պաշտպանության գործում ներդրած անձնական մեծ ավանդի համար:
Այնուհետև, Ֆրանսիայի Նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ համատեղ մամուլի ասուլիսի շրջանակներում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը, ողջունելով Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Նիկոլա Սարկոզիին և նրան ուղեկցող պատվիրակությանը, նշել է, որ Հայաստանի անկախության 20-ամյակը նշանավորվեց նաև Հայաստանի և Ֆրանսիայի Նախագահների փոխայցերով, ինչն իսկապես խորհրդանշական փաստ է և խոսուն վկայությունն է կողմերի միջև առկա բարձր մակարդակի երկխոսության ակտիվությունը պահպանելու փոխադարձ ցանկության:
ՀՀ նախագահն իր խոսքում ընդգեց. «Հատուկ անդրադարձ կատարեցինք հարաբերությունների առևտրատնտեսական բաղադրիչին, և շատ ուրախ եմ, որ պարոն Նախագահն իր հաստատակամությունը հայտնեց Հայաստանի զարգացման ծրագրերին ֆրանսիական ընկերությունների մասնակցությունը խրախուսելու գործում: Արդյունավետ հանդիպումների ու քննարկումների արդյունքում մեզ հաջողվում է առարկայացնել ֆրանսիական ընկերությունների առավել ընդգրկուն մասնակցությունը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում իրականացվող ծրագրերին: Հատկապես ուրախալի էր Ֆրանսիայի պատրաստակամությունը ներգրավվելու էներգետիկ ոլորտում, այդ թվում՝ Հայաստանի ատոմային կայանի նոր էներգոբլոկի կառուցման աշխատանքներում, ինչպես նաև Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների զարգացմանը միտված ծրագրերում»։
Նշենք, որ ՀՀ նախագահի նստավայրում Սերժ Սարգսյանի և Նիկոլա Սարկոզիի առանձնազրույցին զուգահեռ տեղի են ունեցել պաշտոնական պատվիրակությունների կազմում ընդգրկված նախարարների երկկողմ հանդիպումները, որտեղ քննարկվել են տարբեր ոլորտներում հայ-ֆրանսիական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: