ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՄԱՅՆՔ» ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինների 15-ամյա հոբելյանի կապակցությամբ կազմակերպված միջոցառումների շրջանակում այսօր` նոյեմբերի 10-ին, Մատենադարանում տեղի է ունեցել մրցանակաբաշխություն, որին ներկա է եղել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը: Տարբեր անվանակարգերում լավագույնը ճանաչված համայնքների ղեկավարներին մրցանակները հանձնել է անձամբ կառավարության ղեկավարը:
2011 թվականի լավագույն քաղաքային համայնք է ճանաչվել Շիրակի մարզի Արթիկ քաղաքը, իսկ լավագույն գյուղական համայնք՝ Արարատի մարզի Մխչյան համայնքը: «Մաքուր համայնք 2011»-ին արժանացել են Արագածոտնի մարզի Թալին քաղաքը և Շիրակի մարզի Ամասիայի գյուղական համայնքը: «Լավագույն կանաչապատ համայնք» կոչումն ստացել է Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքը: «Համայնքային կյանքի լավագույն լուսաբանում» մրցանակին է արժանացել «Հետք» ինտերնետային թերթը, իսկ «Մշակութային լավագույն քաղաքային համայնք»՝ Գյումրի քաղաքը:
ՀՀ տարածքային կառավարման նախարարութան և «Հայաստանի համայնքների միության» կողմից համատեղ անցկացվող «Տարվա լավագույն համայնք» մրցանակաբաշխությունն ամենամյա է, ավանդական բնույթ ունի և կազմակերպվում է սկսած 2006 թվականից։
Մրցանակաբաշխության նպատակն է ավելի թափանցիկ ու հրապարակային դարձնել համայնքների գործունեությունը, ինչպես նաև ձևավորել առողջ մրցակցություն՝ խթանելով տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը։ Մրցանակաբաշխությունը նաև ընթացիկ տարում հաջողություններ արձանագրող համայնքների աշխատանքի գնահատման միջոց է։