CITIGROUP-Ը ԿԿՐՃԱՏԻ ԵՎՍ 3 ՀԱԶԱՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ
Ամերիկյան Citigroup բանկային խումբը, որը հանդիսանում է ԱՄՆ խոշորագույն ֆինանսական կորպորացիաներից մեկը, մտադիր է կրճատել ևս երեք հազար աշխատատեղ, որը կազմում է այս ֆինանսական կառույցի ընդհանուր աշխատուժի 1%-ը: Այս մասին հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները` հղում անելով սեփական հավաստի աղբյուրներին: Նշենք, որ Citigroup-ը հնարավոր կրճատումների վերաբերյալ որևէ պաշտոնական հայտարարություն դեռևս չի ներկայացրել:
Վիճակագրական տվյալների համաձայն՝ ընթացիկ ֆինանսական տարում Citigroup-ի բաժնետոմսների գները բորսաներում նվազել են մոտ 41%-ով:
Հիշեցնենք, որ 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պայմաններում Citigroup-ն արդեն իսկ կրճատել է հազարավոր աշխատատեղ:
Ամերիկյան Citigroup բանկային խումբը հիմնադրվել է 1812 թվականին: Այն իր ներկայացուցչություններն ունի աշխարհի ավելի քան 100 երկրներում: