ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ԵՐԵՎԱՆԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԵՐԴՄՆԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` նոյեմբերի 18-ին, ներկա է գտնվել Երևանի ավագանու նիստում մայրաքաղաքի նորընտիր քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Նախագահը շնորհավորել է Տարոն Մարգարյանին, Երևանի քաղաքապետի պատվաբեր և պատասխանատու պաշտոնում մաղթել նրան հաջողություն և արդյունավետ աշխատանք:
Նախագահ Սերժ Սարգսյանն իր խոսքում մասնավորապես նշել է. « Տարոն Մարգարյանը նոր մարդ չէ մեր մայրաքաղաքի կյանքը կազմակերպելու գործում և տեղական ինքնակառավարման բնագավառում: Ավանում նա իրեն դրսևորել էր որպես համայնքի հմուտ և հոգատար ղեկավար, ով գործով վաստակեց բնակչության հարգանքն ու սերը»: Միևնույն ժամանակ, նախագահը շնորհակալություն է հայտնել նախորդ քաղաքապետին` ընդգծելով, որ Կարեն Կարապետյանը կարճ պաշտոնավարեց, սակայն հասցրեց հետք թողնել Երևանի պատմության մեջ: