Այլ Լուրեր

USD BUY - 364.00-0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 418.00-0.50 EUR SELL - 424.00-0.50
OIL:  BRENT - 90.02+2.75 WTI - 84.32+2.74
COMEX:  GOLD - 4406.50+1.02 SILVER - 64.77-0.52
COMEX:  PLATINUM - 1765.00-0.30
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.4+0.15 EUR/GBP - 1.1534-0.06
FOREX:  EUR/USD - 1.1534-0.06 GBP/USD - 1.3505-0.04
STOCKS RUS:  RTSI - 888.69+1.61
STOCKS US: DOW JONES - 53791.85-0.34 NASDAQ - 26445.45-0.60
STOCKS US: S&P 500 - 7728.20-0.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 67524.06+0.83 TOPIX - 4139.00+0.94
STOCKS CHINA:  HANG SENG - 25440.17-0.83 SSEC - 3946.68+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10844.19-0.17 CAC40 - 8714.94-0.13
STOCKS EUR:  DAX - 26391.42+0.26
12/08/2026  CBA:  USD - 365.91-0.16 GBP - 494.53+0.45
12/08/2026  CBA:  EURO - 422.04-0.19
12/08/2026  CBA:  GOLD - 51567+671 SILVER - 766.85+14.37
Մայր Աթոռ. Կատարվեց խաղաղության և զորակցության աղոթք հանուն Արցախի
19/12/2022 15:07
Կիսվել

Մայր Աթոռ. Կատարվեց խաղաղության և զորակցության աղոթք հանուն Արցախի

Դեկտեմբերի 18-ին Սուրբ Գայանե վանքում հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց խաղաղության և զորակցության աղոթք հանուն Արցախի։

Հընթացս արարողության Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը և ներկա հավատացյալ ժողովուրդն աղոթք վերառաքեցին առ Աստված Հայաստան ու Արցախ մեր հայրենիքի խաղաղության և համայն հայ ժողովրդի անվտանգ ու ապահով կյանքի համար։

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամը հղեց արցախցիներին և համայն հայությանը՝ ի մասնավորի ընդգծելով․

«Այս օրերին վերստին վրդովված ու մտահոգ սրտերով ամենքիս հայացքները ուղղված են դեպի հայոց Արցախ աշխարհը։ Արդեն յոթ օր Ադրբեջանի իշխանությունները ակնհայտ սադրիչ գործողություններով և կեղծ պատճառաբանություններով փակ են պահում Արցախի՝ Հայաստանի և աշխարհի հետ կապի միակ ճանապարհը՝ մատնելով արցախցիներին հումանիտար աղետի: Արգելափակված 120․000 արցախցի մեր քույրեր ու եղբայրներ զրկված են ազատ տեղաշարժի հնարավորությունից, բազմաթիվ հիվանդներ՝ անհրաժեշտ բուժօգնությունից, Արցախի հանրապետությունը՝ կենսական մատակարարումներից»:

Նորին Սրբությունը, անդրադառնալով ողբերգական այս իրողություններին, նշեց․ «Այսօր Ադրբեջանը վախի ներշնչման միջոցով փորձում է հայաթափել Արցախը: Անհնար է երևակայել, որ մարդուն և նրա արժանապատիվ ու ազատ կյանքը բարձրագույն արժեք հռչակած ներկա աշխարհում հնարավոր է, որ տեղ գտնեն և հանդուրժվեն հակամարդկային նմանօրինակ դրսևորումներ մի ողջ ժողովրդի նկատմամբ»։

Վեհափառ Հայրապետը, նկատելով, որ միայն դատապարտության խոսքերը բավարար չեն զսպելու Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները և կասեցնելու վերջինիս թշնամական ընթացքը, ընդգծեց, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին շարունակելու է ջանքեր գործադրել, որպեսզի միջազգային հանրությունը, բարեկամ պետությունները, քրիստոնեական քույր Եկեղեցիները, միջազգային և միջեկեղեցական կազմակերպությունները հնարավոր աջակցություն ու զորակցություն ապահովեն Արցախին և Արցախի հայ ժողովրդի զավակներին:

Դիմելով արցախցիներին՝ Հայոց Հայրապետն ասաց․ «Սիրելի արցախցիներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից մեր աղոթքներն ու զորակցությունն ենք բերում ձեզ: Ազատ, անկախ և անվտանգ ապրելու ձեր արդար պահանջի մեջ ազգս հայոց միասնական է: Շարունակեք մնալ աննկուն, հավատով ամուր և ապրեք ամենօրյա մեծ և փոքր հաղթանակների լավատեսությամբ: Արիաբար պիտի դիմակայենք մեզ պատուհասած բոլոր արհավիրքները, որպեսզի Արցախը ապրի արցախցու ոգով, ծնունդ առնող մանուկների ճիչերով, հայկական հարուստ վկայություններով, պատմական շեներով ու բազմադարյա սրբավայրերով»:

Նորին Սրբությունը հորդորով դիմեց նաև Հայաստանում և սփյուռքում ապրող հայորդիներին․ «Արցախը և արցախահայության իրավունքների պաշտպանությունը մեր ժողովրդի արժանապատվության հարցն է։ Այն արժանապատվության հարցն է յուրաքանչյուր հայի, ուր էլ որ նա ապրի՝ Հայաստանում, թե սփյուռքում։ Արցախի մեր ժողովուրդը կարիքն ունի ամեն մեկիս ուշադրության և աջակցության։ Արցախահայության հիմնախնդիրների կարգավորումը անսակարկ առաջնահերթություն է և չի կարող փոխարինվել որևէ այլ մտահոգությամբ։ Գիտակցենք, որ Արցախը մեր հայրենիքն է, Հայաստանի ու Արցախի շահերը՝ նույնական, իսկ Արցախի անվտանգությունը անքակտելիորեն կապված է Հայաստանի անվտանգությանը։

Հայրապետական Մեր պատգամն ենք բերում համայն մեր ժողովրդին՝ թոթափել անտարբերության ցանկացած դրսևորում, լինել առավել վճռական ու գործուն՝ միահամուռ ջանքերով ու պատասխանատվությամբ հետամուտ լինելու և աջակցելու արցախահայության իրավունքների, Արցախի ազատ ու անկախ կյանքի պաշտպանությանը։ Սա ազգային մեր ինքնության պահպանության պայքար է»։

Նորին Սրբությունը մաղթեց, որ Տիրոջ բարեգութ կամքով Հայաստանում և Արցախում հաստատվի հարատև արժանապատիվ խաղաղություն՝ ի բարօրություն սրբազան մեր հայրենիքի և աստվածասեր ժողովրդի։

12/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.91
-0.16
Եվրո (EUR)
422.04
-0.19
Ռուբլի (RUR)
4.4144
-0.0073
Լարի (GEL)
139.71
-0.03
51567
+671
Արծաթ
766.85
+14.37