ԱՄՆ-ՈՒՄ ԳՈՐԾԱԶՐԿՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՆՎԱԶՈՒՄ Է
ԱՄՆ-ի Աշխատանքի նախարարության պաշտոնական հայտարարության համաձայն` 2011 թվականի նոյեմբեր ամսվա արդյունքներով, նախորդ ամսվա տվյալների հետ համեմատած, երկրում գործազրկության մակարդակը նվազել է և կազմել 8,6%: Հիշեցնենք, որ 2011 թվականի հոկտեմբեր ամսվա արդյունքներով ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը կազմել էր 9%:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ԱՄՆ-ում զբաղվածության խթանման նպատակով իշխանությունները մտադիր են մշակել նոր փաթեթ, որն ուղղված կլինի երկրում ներքին սպառման աշխուժացմանը և այդ կերպ կնպաստի նաև նոր աշխատատեղերի ստեղծանը:
Նշենք, որ վերջին մեկ շաբաթվա արդյունքներով երկրում գործազրկության նպաստ ստանալու նպատակով ներկայացված դիմումների ընդհանուր թվաքանակը, նախորդ շաբաթվա արդյունքների հետ համեմատած, աճել է 6 հազարով և կազմել 402 հազար դիմում: Միևնույն ժամանակ, գործազրկության նպաստ ստացողների թվաքանակն աճել է 35 հազարով և կազմել 3,740 մլն մարդ: