ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻՆ ԱՌԱՎԵԼ ՀԱՃԱԽ ԱՆՎԱՆՈՒՄ ԵՆ ՄԱՆԵ ԵՎ ՆԱՐԵԿ
Նախորդ տարի մեր հանրապետությունում ծնվել է 44 825 երեխա` 20856 աղջիկ և 23969 տղա: Նորածինների անունների ընտրության հարցում ծնողներն աղջիկների համար առավելապես գերադասել են ոչ հայկական, իսկ տղաների համար` հայկական անուններ: Այսպես, 2010 թվականին ծնված աղջիկներին առավել հաճախ անվանել են Մանե, իսկ տղաներին` Նարեկ:
Նորածին աղջիկներին առավել հաճախ տրվող անունների առաջին տասնյակում են հայտնվել նաև Անի, Միլենա, Անահիտ, Էլեն, Աննա, Նարե, Մարիամ, Մերի, Մարի անունները, իսկ տղա երեխաներին առավել հաճախ անվանել են Դավիթ, Գոռ, Արման, Էրիկ, Հայկ, Տիգրան, Սամվել, Արթուր,Ալեն: