Արցախում նույն վճարային քարտով կանխիկացումների համար կգործի օրական մինչև 50000 դրամի սահմանաչափ
Արցախի Հանրապետությունում կանխիկի դրամաշրջանառության կարգավորման ուղղությամբ հունվարի 11-ից որոշակի փոփոխություններ են մտցվել: Մասնավորապես, Արցախի Հանրապետությունում առկա բոլոր բանկոմատներից և POS տերմինալներից միևնույն վճարային քարտով կանխիկացումների համար կգործի սահմանաչափ՝ օրական մինչև 50 հազար դրամի չափով: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ հավելելով, որ Արցախում գործող բանկոմատների ու POS տերմինալների միջոցով կանխիկացման հնարավորություն կապահովվի ցանկացած բանկի քարտերի համար:
Ըստ աղբյուրի՝ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով Արցախում կանխիկի դրամաշրջանառության հետ կապված խնդիրներին էին առաջացել: Բնակչության կողմից մեծ ծավալի գումարի կանխիկացումը նվազեցրել էր կանխիկի դրամաշրջանառությունը: Օպերատիվ շտաբի նիստում Արցախի պետնախարարը հանձնարարել էր միջոցներ ձեռնարկել խնդրի կարգավորման ուղղությամբ: