43 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ «ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ»` ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Այսօր` փետրվարի 23-ին, տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի շրջանակներում կառավարությունը հավանություն է տվել «Գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին», «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ, «Հողի հարկի մասին», «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին: Այս փաթեթով առաջարկվում է հողի հարկ և գույքահարկ վճարող անձանց որոշակի ժամանակահատվածում և որոշակի չափով ազատել չվճարված գույքահարկից և հողի հարկից, հաշվարկված տույժերից և տուգանքներից։
«Սա կարևորագույն օրենսդրական նախաձեռնություն է, – նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ – Մեր մարզային այցելությունների ժամանակ գյուղացիներն այս հարցը մշտապես բարձրացնում են՝ ավելացնելով այն փաստարկը, որ ճգնաժամային տարիները նույնպես ստեղծել են լուրջ բարդություններ հարկային պարտավորությունների կատարման առումով։ Պետությունն այսպիսի նախաձեռնությամբ հանդես գալով՝ շուրջ 43 մլրդ դրամի հարկեր է զիջում գյուղատնտեսության ոլորտում։ Կարծում եմ՝ սա իր մեջ լուրջ ներուժ է պարունակելու նաև տնտեսական աճի խթանման առումով, որովհետև գյուղատնտեսության վրա հարկային բեռն էապես նվազելու է»։