Վազենք և օգնենք․ մեկնարկեց Ինեկոբանկ Երևանի գարնանային չորրորդ բարեգործական վազքը
Ինեկոբանկում գարնանային լավագույն ավանդույթները շարունակվում են. ապրիլի 30-ին արդեն չորրորդ անգամ մեկնարկեց «Ինեկոբանկ Երևանի գարնանային վազք» բարեգործական մրցարշավը։
Ինեկոբանկի բարեգործական վազքն այս տարի ևս համախմբել էր բարի գործերի և առողջ ապրելակերպի սիրահարներին մեկ վազքուղում։ Հանդիպման վայրն անփոփոխ էր՝ Երևանի ամենաթթվածնային կենտրոն՝ Հրազդանի կիրճ։
Այս տարվա մրցարշավին մասնակցելու էին եկել շուրջ 800 վազորդ՝ երեխաներ և մեծահասակներ՝ վազելու 1կմ, 5կմ, 10կմ և 4*2,5 կմ թիմային վազք մրցատարածություններում։
«Ինեկոբանկ Երևանի գարնանային վազք 2023» բարեգործական միջոցառումը կարևոր առաքելություն ուներ․ ինչպես և նախորդ տարի, գարնանային վազքի ողջ հասույթն ուղղվելու է «Հայ Մայրեր» ՀԿ-ի «Մասնագիտություն՝ կանանց» ծրագրին։ Դրա շրջանակում, հաշմանդամություն ունեցող մարզաբնակ երեխաների մայրերի և զոհված զինծառայողների ընտանիքի անդամների համար կկազմակերպվեն մասնագիտական դասընթացներ և կտրամադրվեն անհրաժեշտ պարագաներ հետագայում ինքնուրույն աշխատելու համար։
Սա Ինեկոբանկի և «Հայ Մայրեր» բարեգործական կազմակերպության շարունակական համագործակցություններից է և յուրահատուկ նրանով, որ մեկտեղում է սպորտն ու բարեգործությունը։
Ինեկոբանկի Գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը նշում է, որ բանկն իր գործունեության 27 տարիների ընթացքում մշտապես կարևորել է նմանօրինակ նախաձեռնությունները, սակայն Երևանի գարնանային վազքն այս առումով յուրահատուկ է։
«Առողջ ապրելակերպ, մրցակցություն, բարեգործություն․․․ երեք շարժիք ուժ՝ մեկ միջոցառման մեջ ամփոփված։ Երևանի գարնանային բարեգործական վազքը մեզ համար առանձնահատուկ խորհուրդ ունի, այդ իսկ պատճառով մենք այս տարի ևս հովանավորում ենք այն։ Ոգևորիչ է, որ տարեցտարի այս միջոցառման հանդեպ հետաքրքրությունն ավելանում է, և գրանցում ենք նման մեծ ակտիվություն ու մասնակցության բարձր ցուցանիշ։ Համոզված եմ, որ Ինեկոբանկի 4-րդ բարեգործական վազքի արդյունքում հավաքագրված հասույթով հնարավոր կլինի աջակցել ավելի շատ ընտանիքների»,- նշում է Հայկ Ոսկանյանը։
Ինեկոբանկը պատրաստել էր նաև անակնկալներ գարնանային վազքի բոլոր մասնակիցների համար և հատուկ մրցանակներ՝ բոլոր մրցատարածություններում հաղթող ճանաչված վազորդների համար։
«Ինեկոբանկ Երևանի գարնանային վազք 2023»-ի կազմակերպիչն է «Արմ Մարաթոն» հիմնադրամը, որը 2015 թվականից ի վեր հանդես է գալիս վազքին առնչվող տարբեր նախաձեռնություններով՝ նպաստելով առողջ ապրելակերպի և սպորտային տուրիզմի զարգացմանը Հայաստանում։
Եվս մեկ գարնանային վազք դարձավ իրականություն՝ ծառայելու բարի գործերի իրականացմանն ուղղված իր գլխավոր նպատակին։
Ինեկոբանկի բոլոր նորություններին և առաջարկներին կարող եք հետևել բանկի պաշտոնական կայքում և սոցիալական հարթակներում (Facebook, Instagram)։