Պաշտոնական

USD BUY - 369.50+0.00 USD SELL - 373.00+0.50
EUR BUY - 432.00+1.00 EUR SELL - 437.00+1.00
OIL:  BRENT - 105.88-0.21 WTI - 94.40-2.35
COMEX:  GOLD - 4722.30+0.47 SILVER - 76.38+1.21
COMEX:  PLATINUM - 2030.40+2.24
LME:  ALUMINIUM - 3620.00+1.76 COPPER - 13355.50+0.61
LME:  NICKEL - 18737.00+2.67 TIN - 50215.00-0.93
LME:  LEAD - 1954.50-0.99 ZINC - 3453.00+1.31
FOREX:  USD/JPY - 159.31-0.29 EUR/GBP - 1.172+0.40
FOREX:  EUR/USD - 1.172+0.40 GBP/USD - 1.353+0.55
STOCKS RUS:  RTSI - 1139.93-2.29
STOCKS US: DOW JONES - 49230.71-0.16 NASDAQ - 24836.60+1.63
STOCKS US: S&P 500 - 7165.08+0.80
STOCKS JAPAN:  NIKKEI - 60537.36+2.36 TOPIX - 3735.28+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25925.65+0.04 SSEC - 4086.34-0.17
STOCKS EUR:  FTSE100 - 10379.08-0.75 CAC40 - 8157.82-0.84
STOCKS EUR:  DAX - 24128.98-0.11
27/04/2026  CBA:  USD - 371.56-0.27 GBP - 503.8+2.39
27/04/2026  CBA:  EURO - 436.43+2.06
27/04/2026  CBA:  GOLD - 56285-405 SILVER - 893.85-39.39
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է 5-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ
31/05/2012 11:44
Կիսվել

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է 5-ՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԸ

Այսօր՝ մայիսի 31-ին, մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման առաջին նիստը: Նոր խորհրդարանի աշխատանքների մեկնարկի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի՛ գործընկերներ,

Շնորհավորում եմ ձեզ ՀՀ Ազգային Ժողովի 5-րդ գումարման աշխատանքների մեկնարկի կապակցությամբ: Շնորհակալություն եմ հայտնում նախորդ գումարման խորհրդարանի բոլոր պատգամավորներին իրենց գործունեության համար: Անցած հինգ տարիներն օրինաստեղծ աշխատանքի առումով իսկապես արդյունավետ ժամանակահատված էին և, կարծում եմ, նաև լավ հիմք գալիք հինգ տարիների համար: Ձեզնից շատերը վաղուց արդեն օրինաստեղծ աշխատանքի պրոֆեսիոնալներ են և բնականաբար ապահովելու են Ազգային Ժողովի աշխատանքների սահուն առաջընթացը: Ողջունում եմ նաև բոլոր նրանց, ովքեր առաջին անգամ են ընտրվել պատգամավոր և մաղթում եմ արդյունավետ խորհրդարանական գործունեություն:

Ինձ համար, կարծում եմ նաև այս դահլիճում ներկա շատերի համար, դեռ թարմ են նախընտրական հանդիպումների տպավորությունները: Բոլորս էլ երկրի ողջ տարածքով ակտիվ քննարկումներ ենք ունեցել մեր քաղաքացիների հետ, կրկին ուշադրությամբ արձանագրել և մեկ առ մեկ ցուցակագրել ենք մարդկանց այսօրվա հոգսերն ու խնդիրները: Իսկ մարդիկ մեզ ընտրել են, որովհետև հավատացել են, որովհետև հույսեր են կապել: Իմ ցանկությունն է, որ աշխատենք այնպես, որպեսզի ոչ ոք չզղջա իր ընտրության համար և որպեսզի արդարացնենք բոլորի հույսերը: Մենք կարող ենք շատ բան անել: Դու՛ք կարող եք շատ բան անել: Դուք Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանությունն ենք:

Այստեղ ներկա յուրաքանչյուր պատգամավորի թիկունքին հազարավոր ձայներ կան, այսինքն՝ հազարավոր մարդիկ: Այդ ձայները տեղ հասցնողները դուք եք, իսկ այդ տեղը Ազգային Ժողովն է, ընդունված որոշումներն ու օրենքներն են: Սա պատվաբեր և պատասխանատու առաքելություն է:

Հարգելի՛ գործընկերներ,

Կարծում եմ` մենք ունենք ակտիվ խորհրդարան, որտեղ ամբիոն ունեն քաղաքական դաշտի հիմնական ազդեցիկ ուժերը: Ուրախ եմ, որ նախորդ գումարման Ազգային Ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը կրկին տեղեր ստացան օրենսդիր մարմնում, և շնորհավորում եմ Հայ ազգային կոնգրեսի մուտքը Հայաստանի խորհրդարան:

Չեմ կարծում, թե որևէ լուրջ գաղափար կամ միտք, որը կծնվի մեր հասարակության որևէ հատվածում, ցանկության և անհրաժեշտության դեպքում չգտնի դեպի Ազգային Ժողովի ամբիոն տանող ճանապարհը: Վստահ եմ նաև, որ մեր պատգամավորները երբեք չեն սահմանափակվի զուտ գրասենյակային աշխատանքով, և հասարակությունխորհրդարան կապը խիստ գործնական հիմքերի վրա կլինի:

Այստեղ ներկա են քաղաքական ուժեր, քաղաքական գործիչներ, որոնք ունեցել են և ունեն տարբեր հայացքներ, տարբեր մոտեցումներ զանազան հարցերի շուրջ: Այո՛, կլինեն բանավեճեր, միգուցե երբեմն նաև սուր, կլինեն համաձայնություններ տարբեր հարցերի շուրջ կամ յուրաքանչյուրը կմնա իր կարծիքին, կհասկանաք իրար, երբեմն` ոչ: Էականն այն նպատականերն են, հանուն որոնց մենք մտնում ենք քաղաքական բանավեճի դաշտ: Էական են նաև միջոցները, որոնք մենք ընտրում ենք նպատակներին հասնելու ճանապարհին: Իշխանության տարբեր, այդ թվում և խորհրդարանական լծակներին տիրապետելն, օրինակ, միջոց է բոլորիս համար կարևոր նպատակներին` Հայաստանի հզորացմանը, մեր ժողովրդի կենսամակարդակի կտրուկ ավելացմանը, արտագաղթի կասեցմանը, մեր երկրի պաշտպանունակության բարձրացմանը և մյուս նպատակներին հասնելու ճանապարհին: Երբ միջոցները դառնում են ինքնանպատակ, կամ որ ավելի վատ է, երբ իրական նպատակները դառնում են միջոցներ, իսկ միջոցները` նպատակներ, խաթարվում է քաղաքական բանավեճի տրամաբանությունը, կորում է իմաստը:

Այո՛, նպատակը երբեք չի արդարացնում միջոցները: Սխալ միջոցներով ձեռքբերված նույնիսկ ամենալավ նպատակը, միևնույն է, ի վերջո ոչ մի լավ բանի չի հանգեցնի: Մենք շատ բան ունենք սովորելու ցավոք հենց մեր սխալներից, և ուզում եմ հուսալ, որ ապագայում ավելի քիչ սխալներ կանենք:

Կարծում եմ, որ բոլորս, տվյալ դեպքում այս դահլիճում ներկա պատգամավորները, առաքելություն ունենք ձևավորելու քաղաքական պայքարի և գործունեության նոր ավանդույթներ, այնպիսիք, որոնք հետագա տարիների և տասնամյակների համար կբացառեն կամ նվազագույնի կհասցնեն հնարավոր ցնցումները մեր երկրում:

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր քաղաքական ուժերին և մեր ժողովրդին համատեղ ուժերով բավական հասուն ընտրություններ անցկացնելու համար: Հայաստանում յուրաքանչյուր ընտրություն պետք է էապես լավը լինի, քան նախորդներն են եղել: Մեզ հաջողվեց այդպիսի ընտրություններ անցկացնել, և մեզ կհաջողվի նաև էապես բարձրացնել մեր աշխատանքի արդյունավետությունն ու հասցեականությունը:

Անձամբ ես տրամադրված եմ աշխատելու. և աշխատելու բոլորի հետ՝ փոխադարձ հարգանքի և համագործակցության մթնոլորտում: Հուսով եմ, որ աշխատելու ենք նոր եռանդով ու ոչ մի վայրկյան չենք մոռանալու, թե ինչի համար են մեզ ընտրել, ինչ ենք մենք խոստացել մեր ընտրողներին, թե ով է մեզ տվել այն իշխանությունը, որ այսօր մենք այստեղ ներկայացնում ենք:

Վերջում կրկնեմ և մեկ անգամ ևս առաջարկեմ միշտ հիշել, որ ուրիշ ոչ ոք մեր փոխարեն չի պահելու մեր սահմանած կանոնները: Փոխադարձ հարգանքի սահմանները: Ինքնե՛րս պիտի անենք: Ուրիշ ոչ ոք մեզ դատավոր չէ: Ինքներս ենք մեր դատավորը, մեր սահմանների պահապանն ու մեր փոխադարձ հարգանքի մշտարթուն պաշտպանը: Մե՛նք ենք և ուրիշ ոչ ոք:

Հաջողություն եմ մաղթում բոլորիս, և բարի երթ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 5-րդ գումարման աշխատանքներին»:

27/04/2026
դրամ
Դոլար (USD)
371.56
-0.27
Եվրո (EUR)
436.43
+2.06
Ռուբլի (RUR)
4.9449
-0.0003
Լարի (GEL)
138.18
-0.02
56285
-405
Արծաթ
893.85
-39.39