ՀՀ ԲԱՆԿԵՐԻ ԱԿՏԻՎՆԵՐԻ 4.49%-Ը ԴԱՍԱԿԱՐԳՎԵԼ ԵՆ ՈՐՊԵՍ ՉԱՇԽԱՏՈՂ
2012 թվականի ապրիլ ամսվա վերջի դրությամբ Հայաստանում գործող 21 առևտրային բանկերի համախառն ակտիվների 4.49%-ը դասակարգվել են որպես չաշխատող և հետհաշվեկշիռ դուրս գրված ակտիվներ: 2011 թվականի դեկտեմբեր ամսվա վերջի դրությամբ գրանցված արդյունքի համեմատությամբ ցուցանիշն աճել է 1.24 տոկոսային կետով, իսկ նախորդ՝ մարտ ամսվա համեմատությամբ՝ նվազել 0.15 տոկոսային կետով:
ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ ՀՀ բանկերի չաշխատող ակտիվների գերակշիռ մասը ձևավորվել է ռեզիդենտ հատվածում: Ընդ որում, մեր երկրի տնտեսության առևտրի ոլորտում ՀՀ բանկերի չաշխատող ակտիվները կազմել են 1.32%, մշակող արդյունաբերության ոլորտում՝ 0.58%, շինարարության ոլորտում՝ 0.53%: Միևնույն ժամանակ, չաշխատող են դասակարգվել հիփոթեքային վարկերի 0.39%-ը, սպառողական վարկերի՝ 0.59 %-ը: