ԵՐԵՎԱՆԻ ԿԱՆԳԱՌՆԵՐՈՒՄ ԿՏԵՂԱԴՐՎԵՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՉՎԱՑՈՒՑԱԿՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
Մայրաքաղաքի կանգառագոտիներում կտեղադրվեն եվրոպական չափանիշներին համապատասխան էլեկտրոնային չվացուցակների համակարգեր, որոնք քաղաքացիներին հնարավորություն կտան տեղեկանալու սպասվող տրանսպորտային միջոցի ժամանման հերթականության և միջակայքերի մասին: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Ըստ պաշտոնական հայտարարության` քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մագարյանը հանձնարարել է երթուղային նոր ցանցի կիրառմանը զուգահեռ ներկայացնել համակարգերի վերաբերյալ համապատասխան ծրագիր:
Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ, շարունակելով ամենօրյա հսկողությունը հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ, արձանագրվել են մի շարք խախտումներ, որոնց մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ: Զեկուցվել է նաև, որ կայացել են Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների հերթական մրցույթները: