ՎԶԵԲ-ի առաջին փոխնախագահն այցելում է Կովկաս
Առաջին փոխնախագահն այցելում է Կովկաս՝ հանդիպելու պետական պաշտոնյաների, գործընկերների և հաճախորդների հետ
Թիրախում են մասնավոր հատվածի զարգացումը, ենթակառուցվածքներն ու բարեփոխումները
Բանկը կատարել է ավելի քան 10 մլրդ․ եվրոյի ներդրում տարածաշրջանի թվով 680 նախագծերում
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի առաջին փոխնախագահ և Հաճախորդների ծառայությունների խմբի ղեկավար Յուրգեն Ռիգտերինկը մեկշաբաթյա այց կկատարի Կովկասի տարածաշրջան երկուշաբթի օրը, 2023 թ․-ի սեպտեմբերի 4-ին: Այցը կմեկնարկի Հայասատանում, այնուհետև կշարունակվի Վրաստանում:
Առաջին փոխնախագահ Ռիգտերինկը, ՎԶԵԲ-ի Արևելյան Եվրոպայի ու Կովկասի գծով գործադիր տնօրեն Մատեո Պատրոնեի ուղեկցությամբ, կհանդիպի պետական պաշտոնյաների, կենտրոնական բանկերի ղեկավար կազմի, բիզնես առաջնորդների և յուրաքանչյուր երկրում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Նա նաև կներկայացնի ՎԶԵԲ-ի Կովկասի տարածաշրջանի նախկին տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին հաջորդող Ալկիս Վրյենիոս Դրակինոսին։
Հայաստանում առաջին փոխնախագահը վարկային գծի տրամադրման պայմանագիր կստորագրի տեղական գործընկեր բանկի հետ՝ միտված մասնավոր հատվածի զարգացման հետագա խթանմանը։ Վրաստանում պրն․ Ռիգտերինկը կազդարարի նոր նախագծի մեկնարկի մասին ՎԶԵԲ-ի հիմնական գործընկեր բանկերից մեկի հետ՝ որպես փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելու Բանկի հանձնառության մաս:
Այցին ընդառաջ պրն․ Ռիգտերինկը նշել է․ «Այս այցը հնարավորություն է հանդիպելու կառավարության ներկայացուցիչների և գործարար համայնքի անդամներին՝ քննարկելու տարածաշրջանում առկա առաջնահերթությունները, հատկապես հաշվի առնելով Ուկրանիայի դեմ Ռուսաստանի պատերազմը և ավելացող տնտեսական անորոշությունը։ Կովկասը կարևոր տարածաշրջան է Բանկի համար, և մենք հանձնառու ենք շարունակական աջակցություն առաջարկել ի նպաստ տարածաշրջանի կայուն տնտեսական զարգացմանը՝ ներդրումների, խորհրդատվական ծառայությունների և քաղաքականության ներգրավման միջոցով»:
ՎԶԵԲ-ն ավելի քան 10 մլրդ․ եվրո է ներդրել տարածաշրջանի թվով 680 նախագծերում, թե՛ մասնավոր, թե՛ պետականհատվածներում: