30-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ 25 ՄԱՐԶԻԿ
Հուլիսի 27-ին Լոնդոնում մեկնարկող 30-րդ Օլիմպիական խաղերին Հայաստանի մասնակցությանը նվիրված մամլո ասուլիսի ժամանակ Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը տեղեկացրել է, որ Հայաստանը ներկայացնելու են 25 մարզիկներ։
«Ինչ խոսք, սա դրական է, բայց ոչ բավարար.սակայն կարևորը քանակը չէ, այլ որակը: Սա նշանակում է, որ մենք պետք է ավելացնենք վարկանիշեր ձեռք բերած մարզիկների թիվը»,- ասել է նախարարը:
Նշվել է, որ իրականացվել են մեծածավալ կազմակերպչական աշխատանքներ, կազմակերպվել են մարզական հավաքներ թե Հայաստանում, թե արտերկրում, օգտագործվել են բուժօգնության, մերսման և անգամ հոգեբանական ժամանակակից միջոցներ, ինչը, վստահ է նախարարը, տալու է իր դրական արդյունք:
Նշենք, որ Հրաչյա Ռոստոմյանը մեկնելու է Լոնդոն, որպեսզի մասնակցի Հայաստանի Հանրապետության դրոշի բարձրացման արարողությանը, որը տեղի է ունենալու հուլիսի 22-ին, և որին ներկա են լինելու նաև Անգլիայի հայ համայնքի ներկայացուցիչները:
Պատասանելով լրագրողների հարցերին՝ պարոն Ռոստոմյանը հայտնել է,, որ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են պարգևավճարներ՝ 20 միլիոն դրամ կստանան օլիմպիական ոսկի, 15 միլիոն դրամ՝ արծաթ և 10 միլիոն դրամ՝ բրոնզ նվաճած հայ օլիմպիականները:
«Այսքանը տրամադրելու է միայն կառավարությունը, իսկ ՀԱՕԿ-ն իր կողմից կհատկացնի սրա կրկնապատիկը: Վստահ եմ` լինելու են նաև անհատ բարեգործներ»,-ասել է նախարարը և բոլորին հորդորել հավատալ և սպասել մեր մարզիկների հաղթական վերադարձին: