
Սաուդյան Արաբիան և Հնդկաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել էներգետիկ ոլորտում
Սաուդյան Արաբիան և Հնդկաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել էներգետիկ ոլորտում, որը, մասնավորապես, ենթադրում է մաքուր ջրածնի արտադրության և մատակարարման կազմակերպում։
Ինչպես հաղորդում է Saudi Press Agency-ն, հուշագրի նպատակն է պայմաններ ստեղծել մաքուր ջրածնի համատեղ արտադրության, վերականգնվող էներգիայի նախագծերի իրականացման, ինչպես նաև պիկ ժամերին և արտակարգ իրավիճակներում էլեկտրաէներգիայի փոխանակման համար։ Բացի այդ, կողմերը պայմանավորվել են ստեղծել մաքուր ջրածնի արտադրության մեջ օգտագործվող նյութերի մատակարարման արդյունավետ շղթաներ:
Փաստաթուղթը ստորագրել են Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար արքայազն Աբդուլազիզ բեն Սալմանը և նրա հնդիկ գործընկեր Ռաջ Կումար Սինգհը Էր Ռիադում մեկնարկած Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանային կլիմայական շաբաթվա շրջանակներում: