ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԽՈՐԱՆԱ
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերային։ Ինչպես տեղեկացնում են նախարարության Մամուլի ծառայությունից՝ հանդիպման շրջանակներում Դերենիկ Դումանյանը նշել է, որ երկու երկրի առողջապահության նախարարությունների համագործակցությունը երկար պատմություն ունի։
«Դեռևս 1998 թվականին ՀՀ առողջապահության նախարարության և Արգենտինայի Հանրապետության առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության միջև համաձայնագիր է ստորագրվել, որով պետք է շատ ոլորտներում փոխգործակցություն ծավալվեր։ Արգենտինահայ ճանաչված բժիշկ Դանիել Ստամբուլյանի նախաձեռնությամբ 2008-ին ստեղծված «Ֆայդեք Արմենիա» (FIDEC Armenia) հինմադրամը միայն անցած տարի Տավուշի մարզում վերատադրողական առողջության ծառայությունների տրամադրման և առողջ ապրելակերպին նվիրված երեք ծրագիր է իրականացրել։ Բայց ցանկալի է, որ համագործակցությունը շատ ավելի լայն շրջանակներ ունենա։ Կարծում եմ, որ այս հանդիպումն այդ ուղղությամբ նոր հեռանկարներ կբացի»,-ասել է Դերենիկ Դումանյանը։
Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերան ընդգծել է, որ անցած կարճ ժամանակաընթացքում ինքն ուսումնասիրում է այն ոլորտները, որտեղ Հայաստանն ու Արգենտինան կարող են համագործակցել։ Ըստ նրա՝ առողջապահության ոլորտում բավական լուրջ հիմքեր կան սկիզբ դրված համագործակցությունը խորացնելու համար։ Նա պատրաստակամություն է հայտնել երկու նախարարության միջև կապ հանդիսանալ՝ բոլոր համատեղ ծրագրերի իրականացման գործում։
Դերենիկ Դումանյանը վստահեցրել է, որ առողջապահության ոլորտում բազմաթիվ ուղղություններով համակգործակցության հնարավորություններ կան։ Եվ այդ ծրագրերում ակտիվորեն կարող են ընդգրկվել նաև արգենտինահայ բժիշկները, որոնց հետ Հայաստանի գործընկերներն արդեն աշխատում են հայ բժիշկների պարբերաբար կազմակերպվող միջազգային համագումարների շրջանակներում։
Նախարարը դեսպանի միջոցով Արգենտինայի Հանրապետության առողջապահության և սոցիալական հարցերի նախարարին հրավիրել է Երևան՝ փոխշահավետ համագործակցության ծրագրերը միասին քննարկելու նպատակով։ Դեսպանը խոստացել է փոխանցել հրավերը և իր հերթին հույս հայտնել, որ այս հանդիպումը առողջապահության ոլորտում հայ–արգենտինական արդյունավետ փոխգործակցության խորացման սկիզբը կդնի։