ՆԱԽԱԳԱՀԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ՄԵԴԱԼԱԿԻՐ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ ԵՎ ՕԼԻՄՊԻԱԴԱՆԵՐՈՒՄ ՀԱՂԹԱԾ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ
Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալել է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 2011-2012 ուսումնական տարվա մեդալակիր շրջանավարտներին, 2012թ. միջազգային առարկայական օլիմպիադաներում պարգևների արժանացած դպրոցականներին և «Կենգուրու-2012» միջազգային մաթեմատիկական մրցույթի մրցանակակիրներին, ովքեր Նախագահի նստավայրում արդեն ավանդական դարձած այս հանդիպման ժամանակ ստացել են իրենց պարգևները՝ մեդալները, հավաստագրերը և Հանրապետության նախագահի կողմից նվերներ:
Նախագահը «Կենգուրու-2012» միջազգային մաթեմատիկական մրցույթի մրցանակակիրներից նվեր է ստացել «Հայկական զարդատառ» գիրքը, որում ներկայացված է հայկական զարդատառերի շուրջ 2500 նմուշ՝ վերցված աշխարհի առավել հեղինակավոր թանգարաններից և գրադարաններից:
Սերժ Սարգսյանը ողջունել է հանդիպման մասնակիցներին, շնորհավորել բարձր առաջադիմության և ստացած պարգևների կապակցությամբ, հաջողություններ մաղթել դպրոցականներին և արդեն բուհ ընդունված պատանիներին ու աղջիկներին՝ իրենց նպատակներին ու երազանքին հասնելու ճանապարհին: Նախագահն ընդգծել է, որ այդ ճանապարհին ծնողների ու մերձավորների օժանդակությունից բացի, նրանք մշտապես ունենալու են նաև պետության աջակցությունը. «Այս հաջողությունը ձեր լուսավոր ճանապարհի դեռ սկիզբն է, և ես ուզում եմ, որպեսզի դուք այն անցնեք լավատեսությամբ: Ուզում եմ, որպեսզի այդ ճանապարհի խոչընդոտները, իսկ դրանք անկասկած լինելու են, հաղթահարեք լավատեսությամբ և ձեր նվիրումով: Պետք է հասնել նպատակին և հասնել լավ ու բարի գործերով, համառությամբ և գիտելիք ձեռք բերելու մեծ ցանկությամբ»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հանրապետության ղեկավարը հանդիպման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում նշել է, որ դեռևս տարիներ առաջ է հստակ որոշում կայացրել Նախագահի նստավայր հրավիրել բոլոր այն երեխաներին ու երիտասարդներին, ովքեր առանձնանում են ուրիշներից իրենց գիտելիքներով, ովքեր հաղթում են միջազգային մրցույթներում, ովքեր մասնագիտական օլիմպիադաներում նվաճում են մեդալներ, որովհետև, իր խորին համոզմամբ, այդ մարդիկ, այդ թվում՝ նաև հանդիպման մասնակիցները մեր երկրի ապագայի կերտողներն են: Սերժ Սարգսյանը կարևորել է, որ ուսման մեջ առաջադիմություն ցուցաբերողները, գիտելիք ունեցողները օրինակ են ծառայում ուրիշների համար:
Նախագահը խոսել է նաև «Լույս» հիմնադրամի մասին, որի միջոցներով չորս տարի առաջ սկսվել է աշխարհի լավագույն բուհերում սովորող հայ երիտասարդներին աջակցության ծրագիրը: Հանրապետության ղեկավարը գոհունակությամբ է նշել, որ հեղինակավոր այդ բուհերում սովորող հայ երիտասարդների թիվը տարեցտարի ավելանում է:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դպրոցականներին և բարձր առաջադիմությամբ բուհ ընդունված պատանիներին ու աղջիկներին՝ իրենց վաստակի համար՝ նշելով, որ հանդիպմանը ներկա փոքրիկ դպրոցականներն անգամ վաստակ ունեն, եթե իրենց հաղթանակով նրանք արդեն Հայաստանի անունը որևէ տեղ հնչեցրել են: Հանրապետության ղեկավարի խոսքով, վաստակ ունեն միջնակարգ դպրոցը գերազանց ավարտած և մյուսների համար օրինակ դարձած բոլոր երիտասարդները, ովքեր այդ վաստակն ավելի նշանակալից են դարձնում այնուհետ օլիմպիադաներում հաղթելով: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ ներկաներից շատ-շատերը դեռ հնչեցնելու են մեր պետության անունը շատ ավելի բարձր հարթակներից:
Հանրապետության ղեկավարը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին: