ԵՐԵՎԱՆ-ՎԱՅՄԱՐ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԽՈՐԱՆԱ
Մայրաքաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում հնարավոր համագործակցության հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Գերմանիայի Վայմար քաղաքի քաղաքապետ Շտեֆան Վոլֆի հանդիպման ժամանակ:
Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հանդիպման շրջանակներում ողջունելով գործընկերոջը` Տարոն Մարգարյանը, համառոտ ներկայացնելով Երևանի կառավարման համակարգն ու առաջնահերթությունները, նշել է, որ այսօր Երևան քաղաքի զարգացման ծրագրերով լուրջ քայլեր են ձեռնարկվում ոլորտային տարբեր ուղղություններով. «Մեր ծրագրային առաջնահերթությունների շարքում այսօր աշխատանքներ են տարվում տրանսպորտի ոլորտի կանոնակարգման, կանաչ տարածքների ընդլայնաման, սոցիալական խնդիրների լուծման և մի շարք այլ ուղղություններով: Նոր ծրագրերի իրականացմանը զուգընթաց, լուրջ խնդիր է դրված նաև պահպանելու Երևանի քաղաքաշինական ու ճարտարապետական դիմագիծը»,- ընդգծել է քաղաքապետը:
Կարևորելով երկկողմ փոխշահավետ ծրագրերի իրականացումը Վայմարի, ինչպես նաև գերմանական մի շարք քաղաքների հետ՝ Տարոն Մարգարյանը նշել է, որ համագործակցության լայն հնարավորություններ և հեռանկարներ կան ինչպես տեղական ինքնակառավարման ոլորտում փորձի փոխանակման, այնպես էլ քաղաքային տնտեսության տարբեր բնագավառներում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Վայմարի քաղաքապետ Շտեֆան Վոլֆը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում Երևանի և Վայմարի միջև հարաբերություններն ավելի սերտ ու գործնական կդառնան. «Երկու օր է, ինչ Երևանում եմ և արդեն հասցրել եմ հաճելիորեն զարմանալ Երևանի գրավիչ արտաքին տեսքով ու զարգացման տեմպերով: Այն ծրագրերն ու աշխատանքները, որոնց իրականացմանը ականատես եղա, արդեն իսկ բավական են հասկանալու, որ այսօր կան բոլոր նախադրյալները երկկողմ ծրագրերի իրականացման և փորձի փոխանակման համար», – նշել է Վայմարի քաղաքապետը:
Շտեֆան Վոլֆը նշել է նաև, որ 2015թ.-ին Վայմարում միջոցառումներ են նախատեսվում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված:
Երևան այցի շրջանակում հնարավոր համագործակցության հարցեր կքննարկվեն նաև Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի և Վայմարի ճարտարապետաշինարարական համալսարանի միջև:
Հանդիպման վերջում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը բաց և պատրաստակամ է փոխշահավետ համագործակցություն ծավալելու գերմանական քաղաքների հետ և իր լիազորությունների շրջանակում օժանդակելու փորձի փոխանակման, ենթակառուցվածքների բարելավման, զբոսաշրջության զարգացման, քաղաքացիների սպասարկման, կառավարման, այդ թվում նաև Երևանում ներդրումային ծրագրերի իրականացման հարցում: