11 ամսվա ընթացքում ռուսաստանցիները 5,784 բնակարան և 1,872 հողատարածք են գնել Վրաստանում
Ընթացիկ տարում ռուսները Վրաստանում արդեն գնել են 5,784 բնակարան և 1,872 հողատարածք: Սա համապատասխանաբար 6.64%-ով և 15.5%-ով ավելի է, քան ամբողջ 2022-ին:
Վրաստանի արդարադատության նախարարության տվյալների համաձայն՝ 2022 թվականի ամբողջ տարվա ընթացքում Ռուսաստանի քաղաքացիները դարձել են 5424 բնակարանի և 1625 հողամասի սեփականատերեր։ Բնակարանների 99%-ը գտնվում է Թբիլիսիում և Բաթումում:
Օտարերկրացիները կարող են անշարժ գույք գնել Վրաստանում առանց սահմանափակումների։ Բացառություն են կազմում գյուղատնտեսական նշանակության հողերը։ Առաջնային շուկայում 100 հազար դոլարից ավել արժողությամբ բնակարան ձեռք բերելով՝ դուք կարող եք որակավորվել առնվազն ժամանակավոր կացության թույլտվության համար: Հենց այդպիսի օբյեկտներն են հիմնական պահանջարկը վայելում ռուսաստանցիների շրջանում։
2022-ի վերջին ռուսաստանցիները դարձել են օտարերկրացիների շրջանում Վրաստանում բնակարանների գնման առաջատարը։ Համաձայն Արդարադատության նախարարության տվյալների՝ Ռուսաստանի քաղաքացիները մեկ տարվա ընթացքում գնել են ավելի քան 15 հազար միավոր բնակարաններ, տներ և հողատարածքներ:
Հիշեցնենք՝ 2023-ի մայիսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ռուսական ավիաընկերությունների համար դեպի Վրաստան թռիչքների արգելքը վերացնելու մասին։ Այն գործում էր 2019-ի ամառվանից։ Միևնույն ժամանակ, մայիսի 15-ից չեղարկվել են նաև Ռուսաստան ժամանող Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը և դեպի Վրաստան թռիչքների արգելքի չեղարկման վերաբերյալ հանձնարարականը։
Վրաստանի ՆԳ նախարարության տվյալներով՝ 2023-ի առաջին երեք եռամսյակում Վրաստանում գրանցվել է 1.508 միլիոն այցելու Ռուսաստանից։ Երկրից դուրս է եկել 1.528 միլիոնը: