ՀՈՒՆԱՍՏԱՆԻՆ ԱՆՀԱՐԺԵՇՏ Է ԼՐԱՑՈՒՑԻՉ ԺԱՄԱՆԱԿ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
Հունաստանն իր դոնոր-գործընկերներից կստանա լրացուցիչ 16-20 մլրդ եվրոյի ֆինանսավորում, քանի որ երկրին հատկացված ֆինանսական աջակցության երկրորդ փաթեթը` 130 մլրդ եվրո ծավալով, բավարար չէ: Այս մասին հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները` նշելով, որ ըստ հավաստի աղբյուրների` Հունաստանին լրացուցիչ վարկային տրանշի հատկացման հարցի շուրջ քննարկումները կմեկնարկեն նոյեմբերի 12-ին:
Նշենք, որ Հունաստանն իր վարկատուների`Եվրամիության, Եվրոպական կենտրոնական բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի հետ համաձայնության է եկել երկու տարով երկարաձգել բյուջեի պակասուրդի նպատակային ցուցանիշի սահմանման ժամկետը: Հունաստանի կառավարությունը, գիտակցելով, որ անհնար է մինչև 2014 թվականը երկրի բյուջեի պակասուրդը հասցնել 4,5%-ի` լրացուցիչ ժամանակ էր խնդրել իր դոնորներից: Այժմ Հունաստանի առջև խնդիր է դրվել բյուջեի պակասուրդը նպատակային ցուցանիշին հասցնել մինչև 2016 թվականը:
Հիշեցնենք, որ Հունաստանը ներկայումս գտնվում է խորը պարտքային ճգնաժամի մեջ:
Հունաստանի վարկատուների՝ Եվրոպական կենտրոնական բանկի, Եվրահանձնաժողովի և ԱՄՀ-ի կողմից օգնության առաջին վարկային փաթեթը՝ 110 մլրդ եվրո ընդհանուր ծավալով, Հունաստանը ստացել էր 2010 թվականին: Երկորդ փաթեթը՝ 130 մլրդ եվրո ծավալով, հաստատվել էր այս տարվա մարտ ամսին: