ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՈԼՈՐՏԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՕՐԻՆԱԳԾԵՐ
Այսօր՝ դեկտեմբերի 3-ին, Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը, Վարդան Այվազյանի նախագահությամբ, քննարկել է հարկային ոլորտին վերաբերող մի շարք օրինագծեր:
ՀՀ կառավարության հեղինակած «Շրջանառության հարկի մասին» եւ դրա հետ կապված մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ առաջարկող օրինագծերի փաթեթը ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը: Նշվել է, որ իրականացվող քաղաքականությունն ուղղված է փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների համար գործունեության նպաստավոր պայմանների ձեւավորմանը, գործարար միջավայրի բարելավմանը, հարկային հարաբերություններ կարգավորող օրենսդրության հստակեցմանը, պարզեցմանը, տարընկալումների վերացմանը, արդյունավետ հարկային հսկողություն իրականացնելու հնարավորությունների ձեւավորմանը, հարկումից խուսափելու հնարավորությունների սահմանափակմանը:
ԱԺ պատգամավորներ Արմեն Բաբայանի, Արծվիկ Մինասյանի, Աղվան Վարդանյանի հեղինակած՝ «ՀՀ մաքսային օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը ներկայացրել է համահեղինակ Արմեն Բաբայանը: Օրենքների նախագծերով առաջարկվում է ավելացված արժեքի հարկ եւ մաքսատուրք չգանձել գյուղատնտեսության մեջ օգտագործվող պտղատու ծառերի, թփերի, արմատակալների, կտրոնների, տնկիների եւ լոբու ու ոլոռի սերմերի ներկրման ժամանակ, ինչը կնպաստի գյուղատնտեսությունում տնտեսավարողների կողմից դրանց ձեռքբերման մատչելիության բարձրացմանը եւ օգտագործման ծավալների ավելացմանը, արդյունքում ճյուղի արդյունավետության բարձրացման համար կստեղծվեն լավ նախադրյալներ:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել հարկային ոլորտին վերաբերող «Հարկային եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների արտոնություններ սահմանելու մասին», «Ընդերքի մասին» ՀՀ օրենսրգքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին՝ նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկվելու համար:
Դրական եզրակացություն է ստացել նաեւ երկրորդ ընթերցման ներկայացված «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ Հայաստանի Հանրապետության 2010թ. ապրիլի 27-ի ՀՕ-54-Ն օրենքը չեղյալ ճանաչելու մասին», ինչպես նաեւ մի շարք օրենքներում փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը: