EngineerX-ի հիմնադիր. Հայաստանի ինժեներական ոլորտը պիտի մրցակցային դառնա համաշխարհային շուկայում
ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Դալաս քաղաքում օրեր առաջ EngineerX-ի անդամները Հայաստանից առաջին անգամ մասնակցել են աշխարհի ամենախոշոր ինժեներական միջոցառմանը՝ 3D Experience World 2024-ին։
3D Experience World 2024-ը համախմբում է տարբեր ազգերի ինժեներներին, ձեռնարկատերերին, արտադրողներին և ոլորտի առաջատարներին՝ սովորելու, կիսվելու գիտելիքով ու փորձով և խթանելու նորարարությունը։
«Ֆանտաստիկ էր շփվել ինժեներական ոլորտի ամենապայծառ դեմքերի հետ և ականատես լինել, թե ինչպես կարող են նորարարական գաղափարներն ազդել մեր կյանքի տարբեր ոլորտների վրա։ Այս միջոցառմանը ներկա լինելը հատկապես կարևոր էր մեզ համար, քանի որ սա առաջին անգամն էր, որ ներկա էինք որպես SolidWorks-ի պաշտոնական ներկայացուցիչ ՀՀ-ում: Հայաստանի ինժեներական ոլորտը պիտի մրցակցային դառնա համաշխարհային շուկայում», – նշում է EngineerX-ի հիմնադիր Վահե Նիկողոսյանը։
EngineerX-ի գործունեությունը սահմաններ չունի․ ընկերությունն ինժեներական ծառայություն է մատուցում ԱՄՆ-ի, Ավստրիայի, Գերմանիայի, Ավստրալիայի և այլ երկրների ընկերություններին։
Ի դեպ, հայկական ինժեներական ոլորտը նոր մեծ ձեռքբերում ունի․ EngineerX-ը վերջերս հայտարարեց 3D դիզայնի, ճարտարագիտության և ծրագրային ապահովման արտադրության ոլորտում համաշխարհային առաջատար Dassault Systèmes SolidWorks-ի հետ իր նոր համագործակցության մասին։ Այս ամենի շնորհիվ EngineerX-ը դարձել է SolidWorks-ի առաջին ներկայացուցիչը Հայաստանում` աշխարհի լավագույն դիզայնի և ինժեներական գործիքները հասանելի դարձնելով Հայաստանի բիզնեսների և ինժեներների համար:
SOLIDWORKS օգտագործողների խմբի հայկական մասնաճյուղի(Armenia SWUG) հիմնադիր, Sarvia Tech-ի ինժեներական գծով տնօրեն Դավիթ Յուրմուզյանը նշում է, որ մասնակցությունը հնարավորություն տվեց ավելի ամրապնդել գոյություն ունեցող ծանոթությունները և ստեղծել նոր կապեր համայնքի ներկայացուցիչների հետ․ «Առաջին անգամ Հայաստանը ներկայացավ այնտեղ գործընկեր կազմակերպությամբ, ինչպես նաև համայնքի ակտիվ անդամներով։ Մեր կողմից ներկայացվեցին, թե ինչ ծրագրեր են իրականացվել Հայաստանում նախորդ տարիներին, նաև պայմանավորվածություններ ձեռք բերվեցին հետագա ծրագրերի իրականացման համար»։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։