ՀՍՏԱԿԵՑՎՈՒՄ Է ՀԱՐԿՎՈՂ ՇԱՀՈՒՅԹԸ ՈՐՈՇԵԼՈՒ ԿԱՐԳԸ
ՀՀ կառավարությունը հաստատել է հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի փաստացի այլ կորուստների չափերը սահմանելու կարգը։ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է գույքի` ՀՀ կառավարության սահմանած կարգով որոշված չափը չգերազանցող` փաստաթղթերով հիմնավորված բնական կամ փաստացի այլ կորուստների չափով` դրանց տեղի ունենալու կամ հայտնաբերելու տարվա ընթացքում, եթե ՀՀ կառավարության կողմից սահմանված է այդպիսի չափ։ Որոշմամբ սահմանվել է «Փաստացի այլ կորուստ» հասկացությունը, որի արդյունքում հստակ տարանջատվում են բնական, նյութածախսի, խոտանի կորուստը և թափոնը փաստացի այլ կորուստներից։ Այսպիսով, հարկ վճարողները հնարավորություն կունենան փաստացի այլ կորուստները նորմայի սահմաններում նվազեցնել համախառն եկամտից։
Մեկ այլ որոշմամբ լրացնելով իր նախկին որոշումներից մեկը` գործադիրը հստակեցրել է հարկային օրենսդրությամբ նախատեսված` ՀՀ տարածքից դուրս ստացվող ծառայությունների (աշխատանքների) գծով ծախսերը հիմնավորող փաստաթղթերին ներկայացվող պահանջները։