Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև կստորագրվի համագործակցության հուշագիր
Սույն թվականի մարտի 1-ին Մաշտոցյան Մատենադարանը հատուկ ծրագրով հյուրընկալեց ԱրարատԲանկի Վարչության և Խորհրդի անդամներին։
Այցի ընթացքում ղեկավար կազմին ներկայացվեց Մատենադարանի գործունեության բնույթն ու առանձնահատկությունը, վերականգնման լաբորատորիաների վերազինման անհրաժեշտությունը, վերականգնման ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնման կարևորությունը։
Օրակարգը հագեցած էր հնատիպ նյութերի վերականգնման լաբորատորիայի աշխատանքների գործնական ցուցադրմամբ, նշված բնագավառում Մատենադարանի առջև ծառացած խնդիրների լուծման և մարտահրավերների հաղթահարման վերաբերյալ քննարկումներով։
Բանկի ղեկավարությանը ներկայացվեց ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների և ուսումնասիրությունների համար ահնրաժեշտ նոր լաբորատորիայի ստեղծման նախագիծը, դրա կարևորությունը և ընձեռած հնարավորությունները ազգային գանձարանի հավաքածուների պահպանման և ուսումնասիրման գործում։
Այցի առանցքում էր նաև Մատենադարանի հեղինակած «Հիշողության կերպարանքները․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման և վերականգնման նորագույն տեխնոլոգիաներ» ամենամյա 13-րդ միջազգային սեմինարը, որի բնույթն ու բովանդակությունն արժանացավ բանկի հավանությանը։
Բանկի ներկայացուցչական անձնակազմը ողջունեց համագործակցության առաջարկը, առանձնակի հետաքրքրություն ցուցաբերեց ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների ստեղծման լաբորատորիայի գաղափարի, ինչպես նաև «Հիշողության կերպարանքները․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման և վերականգնման նորագույն տեխնոլոգիաներ» գիտաժողովի նկատմամբ։
Սույն թվականի ապրիլի 15-ին կստորագրվի նվիրաբերության պայմանագիր, որով ԱրարատԲանկի հովանավորությամբ կարդիականացվի և կվերազինվի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան և կկազմակերպվի ու կանցկացվի Մատենադարանի հեղինակած «Հիշողության կերպարանքները․ ձեռագիր և տպագիր ժառանգության պահպանման և վերականգնման նորագույն տեխնոլոգիաներ» ամենամյա 13-րդ միջազգային սեմինարը։ Մատենադարանի և ԱրարատԲանկի միջև առավել ընդգրկուն համագործակցություն ձևավորելու նպատակով կստորագրվի նաև հուշագիր։